ԼՂ բռնի տեղահանվածները որևէ իրավունքից չեն զրկվի, եթե դառնան ՀՀ քաղաքացի. Տիգրան Խաչատրյան

Մանրամասներ
Տիգրան Խաչատրյան

Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացին ունի ինչ-որ բավարար չափի գումար, արդեն ընտրել է բնակարան և պակասում է Կառավարության աջակցության գումարը, կարո՞ղ է արդյոք առաջին փուլով ընդգրկվել շահառուների ցանկում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում, դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

«Քաղաքացիների մոտ մտահոգություն կա, որ ՀՀ քաղաքացիություն վերցնելով զրկվելու են աջակցության ծրագրերից և իրենց հին իրավունքները կորցնելու են», - նշեց Մինասյանը:

Արձագանքելով՝ փոխվարչապետը նշեց, որ ՀՀ քաղաքացի դառնալով՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցները որևէ իրավունքից չեն զրկվում։

«Հիմնական ծրագիրը բնակարանային ապահովության ծրագիրն է, որով ասում ենք, որ անձը պետք է լինի քաղաքացի, որ կարողանա օգտվել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ քաղաքացի դառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածները չեն զրկվում որևէ իրավունքից: Մեր միջազգային իրավունքի մասնագետները նախապես խորհրդակցելու արդյունքում հաստատել են, որ իրենց որևէ գույքային իրավունքի նկատմամբ պահանջատիրությունից չեն զրկվում»,- պատասխանեց նա: