Քաղաքական և հոգեբանական գործընթաց է ծագել, որ կարող ենք անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև․ իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե անկեղծ ասեմ իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում, որը ի հայտ է բերում անսպասելի շերտեր և նրբերանգներ։ Ըստ այդմ, պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանինի համար և նրան դրսևորվելու հնարավորություն»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ կամա թե ակամա պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար։
«Պատմական Հայասպանը, ի դեպ, առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար՝ այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան։ Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հնարք և գիտելիք չենք ունենա, հետևաբար միշտ հովանավորի և ավագ ընկերոջ կարիք կունենանք, ինչն էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական անկախություն ու պետություն, որովհետև պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով մենք փրկչի և հովանավորի կարիք կունենանք»,- հայտարարեց նա և հավելեց․
«Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի Ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորության։ Անկախությունից ի վեր մենք ամեն անգամ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ միջազգային սկզբունքի մասին»։
0Comments