Որտե՞ղ են նրանք, ովքեր Տեղի դեպքերի ժամանակ հավաստիացնում էին, թե բանակցում են՝ հետ կգնան

Մանրամասներ
Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Շուրջ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում` օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե Ադրբեջանի հետ բանակցում են, որ նրանք նախկին դիրքեր վերադառնան:

Ի՞նչ եղավ հետո, ամենից լավ գիտեն Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղի բնակիչները, որովհետև ադրբեջանցիներն այդպես էլ հետ չգնացին, իսկ մեր գյուղատնտեսական նշանակության հեկտարներով տարածքներ վերածվեցին ադրբեջանական կրակակետերի:

Որտե՞ղ և ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր մարդկանց ստելով հավաստիացումներ էին տալիս, թե Ադրբեջանի հետ բանակցում են` հետ կգնան:

Այդ մարդիկ ճիշտ նույն կեղծիքով փորձում են հիմա էլ ոսկեպարցիներին, բաղանիսցիներին և, առհասարակ, բոլորին համոզել, որ Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա տարբեր փուլերում ՀՀ-ի օկուպացված տարածքներից:

Այս ամենն իրագործելու ճանապարհին իշխանությունը դաշտ է նետել քաղաքական-քարոզչության վերջին ռեզերվները` համատարած կեղծիքի, այլանդակության ապահովման և իր հակապետական գործողությունների իրացման համար»: