Պետք է գնանք նոր ընտրությունների. Ոչ ՔՊ-ն, ոչ ՀՀԿ-ն չեն լինելու քաղաքական դաշտում. Սամվել Բաբայան

Մանրամասներ
սամվել բաբայան

Մեր խորհրդարանը չի արտացոլում հասարակության կարծիքը, պետք է գնանք նոր ընտրությունների; Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:

«Իշխանությունը հասկանում է, որ թույլ է, դրա համար վախենում է, չի ուզում գնալ նոր ընտրությունների, բայց այլընտրանք չունենք: Պետք է արագ գնալ նոր ընտրությունների, հասկանանք՝ ինչ ուժերի է հասարակությունը վստահում, որ իշխանությունը վերցնի եւ երկիրը տանի եղած ճանապարհներից մեկով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են, որ փորձում է դառնալ այս իշխանության սատելիտ ընդդիմադիր ուժը, Սամվել Բաբայանն ասաց. «Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը հայհոյանքով է զբաղվում եւ ստերով, պոպուլիզմով: Այսօր էդ գործը Դոգը սիրուն անում է, համ քֆուրներն է տալիս, համ բոլորիդ կոմպրոմատներն է ներկայացնում՝ ում վրա ինչ կա: Եկել է ժամանակը, որ քաղաքական ծրագրով ներկայանաք հասարակությանը:

Ժամանակին ՔՊ-ն մերժել է ՀՀԿ-ին, հիմա ՀՀԿ-ն մերժում է ՔՊ-ին: Այսինքն ժողովուրդը գնդակ է, փոխանցում եք մեկից մյուսին: Տղերք, դուք երկուսդ էլ չեք լինելու քաղաքական դաշտում: Ասում են՝ Սամվել Բաբայանն ուզում է իրեն թանկ վաճառի: Այ ապուշ, մի հատ խելոքացի: Բաբայանը միակն է եղել, որ ասել է՝ 5-րդ շարասյան սատելիտները 5-րդ բաժնից կառավարվող անձիք են: Պարզ ասել է՝ դուք ովքեր եք, ձեններդ կտրեք, սուս արեք:

Քաղաքական դաշտը պետք է վերադասավորվի: Ցանկացած կուսակցության մեջ կան առողջ ուժեր, պետք է լրջանանք, լուրջ խաչմերուկում ենք կանգնած, ամեն մի սխալը կարող է ամբողջ տարածաշրջանը տանել պատերազմի: Հիմա թե իշխանությունը, թե ընդդիմությունը, իրենց անպատասխանատու որոշումներով տանում են պատերազմի, իրար պաս տալով»,-ասաց նա: