Պարզապես քանդվել է անասնագոմը, և մեզ այնտեղից դուրս են շպրտել. Գուրգեն Կարապետյան

Տիգրան Մեծի թագի վրայի խորհրդանիշը հայը պետք է լավ հասկանա

– Պարոն Կարապետյան, դուք մշտապես պնդում եք, որ Եվրոպան, ընդհանրապես՝ մեծ աշխարհը, կարիք ունի Հայաստանի և աշխարհաքաղաքական այս փոթորիկների մեջ մեր երկրի հանդեպ առանձնահատուկ քայլեր անելու: ԵՄ–Հայաստան համաձայնագիրը և՞ս դրա հետ եք կապում, որը եզակի է այն առումով, որ միևնույն երկիրը փաստորեն գտնվում է երկու տարբեր քաղաքական բլոկների մեջ:

– Նախ ասեմ, որ համաձայնագիրը 300 էջանոց է, և ես համոզված եմ, որ ստորագրողն էլ՝ Նալբանդյանն էլ չի կարդացել: Եվ այս փաստաթուղթը շատ պրոբլեմային է նաև:
Բայց միաժամանակ և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան համաձայն են դեմ գնալ իրենց իսկ Սահմանադրությանն այս համաձայնագրի պարագայում: Որովհետև նրանց օրենքներն արգելում են որևէ երկիր մտնի Եվրամիության մեջ, եթե ԵՏՄ անդամ է:
Բայց նրանք անտեսեցին իրենց պայմանը: Հիմա էլ նոր հասկացություն են հնարել՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դառնա կապող օղակ երկու այդ տնտեսական–քաղաքական միավորների միջև:
Եվ այս փաստը խոսում է այն մասին, որ իրենք շատ լավ են հասկանում Հայաստանի դերը ձևավորվող ապագա աշխարհաքաղաքական կառուցվածքում: 
Դրանից է բխում նաև այն փաստը, որ Նալբանդյանը համաձայնագրի ստորագրումից առաջ եղավ Իսրայելում: Քանզի Իսրայելը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի տեղը խիստ հիմնարար է նոր աշխարհակարգում: Եվ այն, ինչ իրենք են ցանկանում կառուցել, հնարավոր է, որ Հայաստանը խոչընդոտի:
Հիշենք Լոուրենս Արաբացուն, ով գրել է «Այդ անտանելի հայերը» նյութը: Նա ի՞նչ է ասում. ասում է, որ եթե հայերը ընդամենը 20 տարի իրենց ոտքի տակ հող ունենան, ապա կկառավարեն աշխարհը, և այն քաղաքական համակարգը, որը ստեղծել է Եվրոպան, կմահանա:

– Բայց մենք 20 տարի չէ, որ մեր ոտքի տակ հող ունենք. շուտով կհասնի 30 տարվա:

– Մենք դեռևս ոչ մի օր մեր ոտքի տակ հող չենք ունեցել: Մենք անկախ պետություն չենք: Ոչ միայն 1918–ին, նաև 1991–ին մենք չենք անկախացել: Պարզապես քանդվել է անասնագոմը, և մեզ այնտեղից դուրս են շպրտել:
Իսկ անկախությունն առաջին հերթին հոգևոր կատեգորիա է: Օրինակ, հիմա եթե անգամ ամբողջ աշխարհը կանգնի մեր դեմ ու ասի, թե Ղարաբաղը պետք է Ադրբեջանինը լինի, դա չի կարող տեղի ունենալ: Որովհետև հայն արյուն է թափել Ղարաբաղի համար, ազատագրել է այն, ու նա ինքն է որոշելու նրա ճակատագիրը:
Իսկ անկախության համար ոչ միայն մենք արյուն չենք թափել, անգամ չենք հասկացել, որ մենք անկախ ենք: Այնպես որ, սա անկախություն չէ, սա սարսափելի կախյալ վիճակ է:

– Այսինքն՝ չենք ինքնորոշվել:

– Հենց այդպես է: Եվ մի բան էլ՝ հայը քանի դեռ այս պետությանն ասում է երրորդ հանրապետություն, նշանակում է մենք անկախ չենք: Քանզի դրանով հավասարության նշան ենք դնում 1918–20 թվականների, խորհրդային Հայաստանի ու ներկա Հայաստանի միջև: Այսինքն՝ վաղն էլ կարող ենք չորրորդ հանրապետություն հռչակել, եթե Հայաստանը միանա Կրասնոդարին, որպես այդ մարզին ենթակա շրջան:

– Ասացիք, որ ԵՄ– Հայաստան համաձայնագիրը պրոբլեմային դրույթներ է պարունակում մեզ համար: Որո՞նք են դրանք:

– Գիտենք, որ գոյություն ունեն եվրոպական չափանիշներ: Եվ մենք պետք է ընդունենք դրանք: Այսինքն՝ պետք է ընդունենք միասեռականությունը: Ընդունենք վերջիններիս ամուսնությունը միմյանց հետ: 
Հիմա մի բան՝ ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, թե մեր Սահմանադրությամբ նշել ենք, որ ամուսնությունը գրանցվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Դե, այդ դեպքում թող գրեն նաև, որ շունն այն կենդանին է, որը հաչում է: Պարզ չէ՞, որ ամուսնությունը լինում է կնոջ ու տղամարդու միջև:
Իսկ մեր Սահմանադրության այդ կետը մի բան է նշանակում, որ կարող են տղաներն իրար հետ ամուսնանալ Ֆրանսիայում, գան Հայաստան ու երեխա որդեգրեն: Որվհետև Եվրամիության ստանդարտները դա թույլ են տալիս:
Կամ Հայաստանն իր սննդամթերքի չափանիշներով պետք է համապատասխանի Եվրամիության երկրներում եղածին: Այսինքն՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքն այնտեղից պետք է բերվի մեր երկիր: 
Կամ՝ եվրոպան պահանջում է մեր ատոմակայանի փակումը: 
Եվ էլի՛ այսպիսի շատ խնդիրներ:

– Ազգային անվտանգության առումով այս համաձայնագիրը մեզ ինչ–որ բան կտա՞: Այն կհստակեցնի՞ մեր տեղը նոր աշխարհակարգում:

– Մեր տեղը մե՛նք պետք է հստակեցնենք: Տիգրան Մեծի թագի վրայի խորհրդանիշը հայը պետք է լավ հասկանա: Ութաթև խաչը խորհրդանշում է կայունությունն ու Հայաստանը: Եվ երկու արծիվներ են, որոնք դեմքով մեկը թեքված է արևելք, մեկը՝ արևմուտք: Բայց մարմնով հակված են ութաթև աստղին: Այսինքն՝ մենք արևելք չենք և արևմուտք չենք: Մենք կենտրոն ենք: 
Ինքներս պետք է որոշենք մեր տեղը: Որից հետո և՛ Եվրամիությունը կգա, և ԵՏՄ–ն կգա, և Իսրայելը կգա: Բոլորը կգան՝ հասկանալով, թե ով ենք մենք: Եվ մենք չպետք է մոռանանք դա:
Երբ առաջին անգամ Լևոն Տեր–Պետրոսյանը, որպես նախագահ, դուրս էր գալիս Հայաստանից ու գնում էր Հունաստան, Աթենքից օդ բարձրացան ռազմական ինքնաթիռները, շրջապատեցին մեր նախագահի ինքնաթիռը և այն իջեցրեցին իրենց երկրում: Ինչո՞ւ դա արեցին: Նրանք դրանով անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանին չէին դիմավորում, այլ դիմավորում էին այն Հայաստանը, որը վստահ էին, որ պետք է գրավի իր տեղը:
Բայց մենք՝ հայերս, չընկալեցինք մեր տեղը: Ու այդ պատճառով մեզ աշխարհում օր–օրի շպրտում են մի կողմ, որպես չորրորդական–հինգերորդական կարգի մի երկրի:
 

Գոհար Սարդարյան

Հարցազրույցը՝ 2017 թվականի