Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ինչպես հայտարարում էին ՀՀ իշխանությունները, ուրեմն ինչպե՞ս Հայաստանը կարող է սառեցնել իր անդամակացությունը ՀԱՊԿ-ին. Զախարովա

Մանրամասներ
Զախարովա

Կտրականապես անընդունելի են Հայաստանի իշխանությունների կշտամբանքները` 2021-2022թթ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը և Երևանի նկատմամբ իր պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին հայտարարությունը:

«Կցանկանայի հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին Երևանի խնդրանքով օպերատիվ կերպով ձևավորվել և սահմանամերձ շրջաններ է ուղարկվել ՀԱՊԿ գնահատման առաքելություն։ Դրա արդյունքներով նախապատրաստվել է ՀԱՊԿ Անվտանգության հավաքական խորհրդի՝ Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Մեր կամ ՀԱՊԿ մյուս անդամների մեղքով չէ, որ տվյալ հավասարակշռված որոշումը, որը ենթադրում էր երկրին ռազմատեխնիկական օգնության տրամադրում և մի շարք այլ միջոցառումներ, հորինված պատճառաբանությամբ մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից: Ավելին, Երևանը որոշեց ցուցադրաբար հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների: Բոլորին հայտնի փաստերը կասկած չեն թողնում այս ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության առնչությամբ։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներվ և պարտավորություններով։ Ցավով արձանագում ենք, որ Երևանի՝ միջոցառումներին մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից և երկրի անվտանգության ապահովման պահանջներից: Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ և վստահության մթնոլորտում երկխոսության, այլ ոչ թե դրանք անընդհատ քաոտիկ կերպով հանրային տիրույթ դուրս բերելու միջոցով: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ինչպես որ հայտարարում էին ՀՀ իշխանությունները, ուրեմն ինչպե՞ս Հայաստանը կարող է սառեցնել իր անդամակացությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դուրս է գալիս Հայաստանից:

«Իմ գնահատականն այն է, որ ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ը՝ ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից, և դա մեզ անհանգստացնում է»,- ասել էր նա:

Իսկ օրերս էլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցնեի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը «սառեցրել» է անդամակցությունը ՀԱՊԿ-ին: