Եթե որոշեն «խոպանչիներից» հարկեր գանձել, բողոքի ակցիաները շարունակվելու են. Մարտունի համայնքի բնակիչ

Մանրամասներ
նիկոլ

Երեկ բանկից զանգել են այն մարդկանց, ովքեր արդեն վճարել էին տուրքը, գումարը վերադարձրել են, այսօր առավոտյան էլ այլ բան են ասում, ապակողմնորոշում են մեզ: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց օրեր առաջ Մարտունի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ցույցի մասնակիցներից մեկը:

Նա նշեց նաև, որ եթե Կառավարությունը որոշի հարկեր գանձել արտագնա աշխատանքի մեկնողներից, բողոքի ակցիաները շարունակվելու են, և այս անգամ ավելի շատ մարդ է ոտքի կանգնելու:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դժգոհություններին, որ կառավարությունը որոշել է հարկել «խոպանչիներին» հայտարարեց, որ 2018-ից մինչեւ այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել՝ միայն պետական ծրագրերով, և արտագնա աշխատանքի մեկնողներն այդ ճանապարհներով են օդանավակայան գնում, հետևաբար պետք է հարկ վճարեն:

«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի,-ասել է Նիլոլ Փաշինյանը:

Նա թվարկել է նաև  սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքում կատարված բոլոր աշխատանքները՝ հիվանդանոցներ, մանկապարտեզներ եւ այլն:

Հիշեցնենք, , որ երկու օր առաջ՝ փետրվարի 21-ին  Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում էին ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Բողոքի ակցիան ավարտվեց և ճանապարհը բացվեց միայն այն ժամանակ, երբ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել: