Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին. պետական կառույցների խնդիրն է չմոռանալ, որ առաջնայինը ժողովուրդն է

Մանրամասներ
զախարովա նիկոլ

Ես երբեք չեմ լսել, որ Եվրամիությանն անդամակցությունը որոշվում է ինքնահռչակմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կովկասյան տարածաշրջանը Եվրամիության տարածաշրջան հայտարարելու մասին։

«Երկրորդ կետն այն է, որ յուրաքանչյուր պետության ինքնիշխան գործն է որոշել իր ազգային կուրսը, եթե այն ժողովրդավարական է, ժողովրդի ձգտումներին ու շահերին համապատասխան։ Ուստի, բնականաբար, յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու այն, ինչ անհրաժեշտ է համարում, ինչպես, ի դեպ, մենք բազմիցս հայտարարել ենք։

Ես թվարկեցի անվտանգության համաձայնագրերի մի ամբողջ շարք, որոնք ներառում են փոխադարձ պարտավորություններ: Նույն համալիրն ունենք և՛ առևտրային, և՛ տնտեսական, և՛ հումանիտար կապերի ոլորտում։ Ինձ թվում է՝ սրա մասին բոլորը գիտեն, հիշում են, և այդ հարցը մեզ չէ ուղղված՝ ինչպես է ընդհանրապես դա կապվում»,- ասաց նա։

«Մենք հավատարիմ ենք այս բոլոր պարտավորությունների մեր մասին, մեզ համար սա դատարկ արտահայտություն չէ, մեզ համար սրանք մեր երկրների ժողովրդի շահերն են՝ կոնկրետ բիզնես օպերատորների, կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների։ Հետեւաբար, կան տարբեր քաղաքական ձեւակերպումներ, բայց կա կոնկրետ ժողովուրդների կյանք։

Այդուհանդերձ, իմ կարծիքով, յուրաքանչյուր պետական գործչի և պետական կառույցների ողջ զանգվածի խնդիրն է չմոռանալ, որ ժողովուրդն է առաջնայինը, որ ամեն ինչ պետք է արվի ի բարօրություն և պետք է իրագործել ժողովրդի սահմանած նպատակներն ու խնդիրները, քանի որ խոսքը ժողովրդավարության մասին է։ Մնացած ամեն ինչ թող որոշվի յուրաքանչյուր ինքնիշխան պետության ներսում և ներդաշնակեցվի՝ հաշվի առնելով իրողությունները, կարիքներն ու ցանկությունները և այլն»,- ընդգծել է Զախարովան։