Zoom-ով տեսակոնֆերանսները կտեղափոխվեն վիրտուալ իրականություն

Մանրամասներ
զում

Zoom ընկերությունը, որը համանուն տեսակոնֆերանսների ծառայության մշակողը, 2024-ի փետրվարի 2-ին կթողարկի Apple Vision Pro խառը իրականության սարքի համար նախատեսված հավելվածի տարբերակ։ Այս մասին, ըստ news.am-ի, հայտնում է PCMag-ը։

Այսպիսով, Zoom-ը երրորդ կողմի մշակողի ստեղծած հայտնի ծառայությունների շրջանում կդառնա առաջինների մեկը, որը կհարմարեցվի Apple-ի նոր արտադրանքի համար:

Vision Pro-ի համար Zoom-ի այս տարբերակի հիմնական առանձնահատկությունը կլինի Persona գործառույթի աջակցությունը: Persona-ն օգտատիրոջ թվային 3D ավատար է, որն ստեղծել է Vision Pro-ն՝ օգտագործելով ներկառուցված սկաներներ: Ավատարն անհրաժեշտ է, որպեսզի զրուցակիցները կարողանան տեսնել օգտատիրոջ դեմքը, նույնիսկ երբ այն իրականում ծածկված է Vision Pro սարքով:

Zoom-ը Vision Pro-ի համար նախատեսված նոր հավելվածում նաև ավելացրել է 3D օբյեկտների հետ փոխազդելու հնարավորություն։ Այս գործառույթը պոտենցիալ օգտակար կլինի նկարիչների, դիզայներների, ինժեներների և այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար, որոնք հաճախ ստիպված են 3D մոդելների հետ գործ ունենալ:

Բացի Zoom-ից, Vision Pro-ում հասանելի կլինեն տեսակոնֆերանսների ծառայություններ, ինչպիսիք են FaceTime-ը, Cisco Webex-ը և Microsoft Teams-ը:

PCMag-ը թերահավատ է, որ Vision Pro-ն գործարար հանդիպումների համար տարածված սարք կդառնա։ Առնվազն այն պատճառով, որ Apple-ի այս սարքը ծանր է և, դատելով օգտատերերի մեկնաբանություններից, այն կրելու ժամանակ դեմքը, գլուխը և պարանոցը արագ հոգնում են։

Հիշեցնենք, որ Apple Vision Pro-ն ԱՄՆ-ում կթողարկվի 2024-ի փետրվարի 2-ին։