Ինչի՞ վրա են ծախսվում «Իմ քայլը» հիմնադրամի միջոցները

«Իմ քայլը» հիմնադրամը հիմնականում կրթական ուղղվածություն ունի

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարի վրա եղել է 859 մլն 55 հազար դրամի մուտք, որից ծախսվել է 236 մլն դրամ: Այս մասին՝ լրագրողներին ներկայացնելով 6 ամսվա հաշվետվությունը,  հայտնել է «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Հիմնադրամի միջոցներով երկու գործուղում է եղել, երկուսն էլ՝ դրամահավաքի նպատակով: Առաջինի համար ծախսվել է 832 հազար դրամ: Հավաքագրվել է 98 մլն 440 հազար դրամ: Երկրորդ գործուղման համար ծախսվել է 3 մլն 642 հազար դրամ, հավաքագրվել է 75 մլն դրամ: Հիմնադրամին նվիրատվություն է կատարվել 114 անհատի և կազմակերպության կողմից: Նվիրաբերված ամենամեծ գումարը կազմել է 241 մլն դրամ: Դա եղել է նպատակային նվիրատվություն՝ ուղղված Մեղրիի մանկապարտեզի նորոգմանը: Ամենափոքր նվիրատվությունը եղել է 1000 դրամ»,-ասել է Աննա Հակոբյանը:

Վերջինս նշել է, որ «City of smile» բարեգործական հիմնադրամում գրանցվել է 264 մլն դրամի մուտք՝ 85 անհատների և կազմակերպությունների կողմից: Այդ հիմնադրամի շահառու է 100-ից ավելի փոքրիկ:

Աննա  Հակոբյանը հավելել է, որ  «Իմ քայլը» հիմնադրամը հիմնականում կրթական ուղղվածություն ունի և խնդրել է, որ անհատները չդիմեն իրենց բժշկական, վիրահատական միջամտությունների համար: