Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի արտգործնախարարին կրկին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը:
«Արարատ Սամվելովիչ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ բաների դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Այնինչ օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարն ասուլիսի ժամանակ, արձագանքելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես ասել էր.
«Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել ՌԴ-ում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացիում ինքս ո'չ փակ հանդիպումների ընթացքում, ո'չ հրապարակավ չեմ լսել։ Եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, գուցե ինչ-որ հիմք ունի այդպիսի պնդում անելու»:
0Comments