Լևոն Աղասյանը կրկին առաջինն է

Լևոն Աղասյանը և վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27-ը

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Թուրքիայում շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել և զուգահեռ մասնակցել միջազգային մրցաշարերի: 1948 թ. Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկությունում, եռացատկորդների մրցավեճում, պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել Լևոն Աղասյանը:

Նա գերազանցել է միջազգային կարգի վարպետի ցուցանիշը, ցույց տվել 16 մ, 79 սմ արդյունք և նվաճել հաղթողի կոչումը: Օրեր առաջ Աղասյանը Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում 16 մ, 71 սմ արդյունքով դարձյալ առաջինն էր ճանաչվել: Մրցաշարում իրենց ունակությունները դրսևորեցին նաև եռացատկորդուհի Մարիետա Մինասյանը (12 մ, 18 սմ) և եհեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7 մ, 4 սմ), ովքեր տեղ չունեցան մրցանակակիրների շարքում:

Փետրվարի 22-ին հայկական պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: Լևոն Աղասյանը և վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27-ը և նույն օրը կմեկնեն Գլազգո` մասնակցելու մարտի 1-ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Գլազգոյում նրանց կմիանան նաև ԱՄՆ-ից ժամանող արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանը (60 մ) և Ֆրանսիայից ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:


 

Աղբյուր` Panorama.am