Մեր անվտանգությունը պաշտպանելու համար նոր գործընկերներ ենք փնտրում, նախկինը չաշխատեց. Միրզոյան (տեսանյութ)

Մանրամասներ
արարատ միրզոյան

Մեր անվտանգությունը պաշտպանելու համար նոր գործընկերներ ենք փնտրում, նախկինը չաշխատեց։

Այս մասին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Որևէ ողջախոհ, ռացիոնալ հանրույթ, նաև անհատ մշտապես պետք է ջանքեր գործադրի նոր և նոր դաշնակիցներ և աջակիցներ  փնտրելու ուղղությամբ։ Առավել ևս մեր համար դա ակնհայտ էր, մեր համար դա հրամայական էր այնպիսի աղետից հետո, ինչպիսին 2020 թվականի պատերազմն էր և դրան հաջորդած գործընթացները։  

Մենք տեսանք, բախվեցինք  մի իրավիճակի, երբ մեր դաշնակցային  գործող ամրագրված մեխանիզմները, համենայն դեպս մեր ակնկալիքները,  որևէ կերպ չարդարացրին։

Հաճախ մեր կողմից հնչեցվեցին գնհատականներ, որ մենք ականատես եղանք այդ մեխանիզմների չգործելուն և հետևաբար այս պայմաններում  բնական է, որ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ իր, առաջին հերթին, անվտանգային մտահոգությունները  փարատելու կամ անվտանգային կարիքները լուծելու ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը։

Միաժամանակ Միրզոյանը հիշեցրեց մեխանիզմների ներդրումը, որոնք բարձրացրել են սահմանին անվտանգության մակարդակը՝ ի դեմս ԵՄ առաքելության։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ գործընկերների հայտարարություններին։

«Մեզ համար չափազանց կարևոր են տարածաշրջանում նոր սահմաններ գծելու փորձերի դեմ հայտարարությունները»,- նշել է արտգործնախարարը։