Կոսմետիկ փոփոխություններով տնտեսական հեղափոխություն չի լինում

Էոնոմիկայի նախարարության  փիլիսոփայությունն այլ է՝ շատ գումար աշխատել ու ուշադրություն  չդարձնել հավասար, արդար մրցակցության վրա

Թեև 2018 թվականին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են, սակայն այս տարի կնվազեն և արտադրության, և արտահանման ծավալները: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Խնդիրը, ըստ նրա, նրանում է, որ գինեգործության ու կոնյակագործության  ոլորտից դուրս է գալիս կեղծ արտադրանքը, բնականաբար, կեղծ մթերումներ, կեղծ թվեր այլևս չեն ներկայացվում:

«Կոնյակի դաշտը մաքրվում է կեղծ արտադրանքից, Հայաստանում վերջ է դրվում  կոնյակի կեղծմանը, ուստի առաջիկայում կոնյակի արտադրության աճ չենք ունենա, բայց մի քանի տարի հետո հայկական կոնյակը կլինի շատ ավելի լավը, ավելի որակյալ»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Նշենք, որ 2018 թ-ին Հայաստանում արտադրվել է 30 մլն 751.9 հազար լիտր կոնյակ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 2,5 տոկոսով: Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 8 մլն 877.4 հազար լիտր գինի՝ 2017 թ-ի համեմատ աճելով 0.3 %-ով:

Ավագ Հարությունյանի խոսքով՝ այս տարի գիենգործության ոլորտում զգալի աճ է կանխատեսում:  Ըստ նրա՝ միտումները բավական դրական են, ինչին հասել են վերջին տարիների աշխատանքի շնորհիվ:

«Գինու ոլորտի աճը վերջին 5-6 տարիների ընդհանուր քաղաքականության հետևանք է»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ հայկական գինիների որակը կտրուկ բարձրացել է, արտադրության և արտահանման ծավալների ավելացումն էլ պայմանավորված է հայկական գինիների պահանջարկով, սակայն  եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, ապա մի քանի տարի հետո արտահանման ծավալների աճ չեն կարող ակնկալել:

«Հայաստանում  տարեկան  արտադրվում է 8-10 մլն լիտր գինի, մեր պոտենցիալը հասնում է մինչև 20 մլն լիտրի: Այսինքն՝ այդքան կարող ենք արտադրել,  դրանից ավելիի դեպքում  խնդիրների առաջ կկանգնենք, ռեսուրս չունենք: Դրա համար գյուղացիները պետք է նոր այգիներ հիմնեն, բայց ինչպես, եթե մարդիկ այդ հնարավորությունը չունեն: Բացի այդ, եղած այգիները պետք է քանդեն և դրանց փոխարեն նորերը հիմնեն, քանի որ խաղողի այգիներում արագորեն տարածվում է ֆիլոքսերիա հիվանդությունը»,- նշեց գինեգործը:

Ավագ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունն  այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, գինեգործների և կոնյակագործների կողքին լինի, սակայն դեռևս այդ քայլերը չեն տեսնում:

«Խնդիրը նրանում է, որ բոլոր կառավարությունների ժամանակ եղել է գործողությունների շարունակականության ապահովում, հիմա այդ շարունակականությունը չկա, ինչը շատ վատ է: Չկա այն պրոֆեսիոնալ թիմը, որն այդ շարունակականությունը կապահովի»,- ընդգծեց Գինու ազգային կենտրոնի նախագահը՝ հավելելով, որ վերջերս գինեգործները հանդիպել են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետո, սակայն այդ ընթացքում հիմնականում քննարկվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ապագայի հարցը:
Ավագ Հարությունյանի խոսքով՝ առանց խնդիրները վեր հանելու, տնտեսական հեղափոխության մասին խոսք լինել չի կարող:

«Եթե ասում են՝  տնտեսական հեղափոխություն են անում, դա նշանակում է՝  պետք է վերանայել տնտեսական փիլիսոփայությունը: Խորհրդային միության փլուզումից հետո մենք ունեցանք ընդհանուր գաղափարախոսության և ընդհանուր շուկայի փոփոխություն, իսկ ստեղծված տնտեսության փիլիսոփայությունն էր՝ սպասարկել  որոշակի խավերի: Հիմա այդ փիլիսոփայությունը մնացել է, բայց ուզում են տնտեսական հեղափոխություն անել: Այդպես չի լինի, քանի որ ամբողջ իրավական դաշտը ստեղծված է որոշակի խավերին սպասարկելու համար: Կոսմետիկ փոփոխություններով տնտեսական հեղափոխություն չի լինի: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, եթե ասում են՝ մենք գնում ենք տնտեսական հեղափոխության, դա նշանակում է, որ գնում ենք համակարգի փիլիսոփայության փոփոխության»,- նշեց Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ փոիլիսոփայության փոփոխությունը նշանակում է հավասար և արդար մրցակցություն , որն օրենսդրորեն չկա:

Ավագ Հարությունյանն ընդգծեց, որ նախորդ կառավարությունը՝  վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որքան էլ «ծառայում էր օլիգարխիայի շահերին», այնուամենայնիվ, ընդունեց, որ եթե որոշ հարցեր  չլուծեն, ապա դրանք ազգային անվտանգության հետ կապված և լրջագույն այլ խնդիրներ կառաջացնեն:

«Կարողացանք համոզել, որ պետք է քայլեր ձեռնարկել և ձեռնարկեց: Մասնավորապես, կոնյակի շուկայում նվազագույնի հասցնել կեղծիքը, ինչին արդեն ականատես եղանք, ինչպես նաև շատ թե քիչ հավասար պայմաններ ստեղծել շուկայում»,- ասաց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ  դրանից հետո կառավարությունը նախաձեռնեց հետևյալ քայլերը՝  բարձրացնել պետական տուրքը, փոքր և միջին ընկերությունների լիցենզիաների արժեքը նվազեցնել, բանակցել Առևտրի համաշխարհային կազմապերպության հետ, որ ներմուծման խստացման նորմերը մասամբ ազդեն ներքին շրջանառության վրա:

Նշենք, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ինչ ռեժիմ սահմանում է ներմուծման վրա, նույնը պետք է լինի նաև ներսում։ Նախորդ Կառավարությունը, ըստ գինեգործի, ԱՀԿ-ի հետ  գնաց բանակցությունների, որպեսզի դա չարվեր ներսի առևտրի վրա։

Այժմը, ըստ Ավագ Հարությունյանի, դրանց պետք է հաջորդեն մյուս քայլերը, որոնք, ցավոք,  չեն արվում. «Հիմա պետք է այդ աշխատանքը շարունակել, փիլիսոփայությունը ենթադրում է այլ ակտերի ընդունում, ինչը չկա»:

Նշենք, որ 2018 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  օրենսդրական փոփոխությունը, , ըստ որի՝ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք: Կոնյակագործությամբ և գինեգործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ իրենց դժգոհությունն են արտահայտել այս  փոփոխությունների վերաբերյալ, սակայն Ավագ Հարությունյանը կարծում է, որ դրանք  անհիմն են: Այդ իրավական ակտը նպաստում է, որպեսզի դաշտում կեղծիքը վերանա:

Գինու ազգային կենտրոնի նախագահն անդրադարձավ նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ գյուղատնտեսության նախարարության միավորմանը:

Նրա խոսքով՝ սա սխալ որոշում էր, էկոնոմիկայի նախարարության  փիլիսոփայությունն այլ է՝ շատ գումար աշխատել ու ուշադրություն  չդարձնել հավասար, արդար մրցակցության վրա:

«Գյուղնախարարության փիլիսոփայության մեջ բացի վերոնշյալից, կար արդարության և սոցիալական արդարության գաղափարը: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք   գյուղնախարարության ոլորտի համար պատասխանատու փոխնախարարը  կլինի այնքան ուժեղ և սկզբունքային, որ արդար արդյունաբերության և արդար առևտրի կոնցեպտը մտցնի ընդհանուր քաղաքականության մեջ: Եթե անկեղծ՝  ես ուզում եմ օգնել նոր իշխանությանը, բայց նրանք, կարծես,  մեր կարիքը չունեն: Այստեղ նաև պետք է ազնիվ լինենք և ասենք, որ մենք հին համակարգի մարդիկ ենք և կատարելագործել ենք այդ համակարգի արդար և անարդար բոլոր մեխանիզմները, իսկ ներկայիս իշխանություններին նոր մարդիկ են պետք»,- եզրափակելով խոսքն՝ ասաց Ավագ Հարությունյանը:

 


 

Աղբյուր` Panorama.am