Ադրբեջանի պատմության թանգարանը հին քարեդարյան ցուցամուշներ է խնդրել Հայաստանի պատմության թանգարանից

Մանրամասներ
9

Վերջերս «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» հանդեսի 11-րդ համարում լույս է տեսել Պատմության թանգարանի մի շարք աշխատակիցների կողմից պատրաստված հոդված, որտեղ ներկայացվել են Հայաստանի պատմության թանգարանի որոշ արխիվային բացառիկ նամակներ։ Այդ նամակները հրապարակելու նպատակն է ցուցադրել, թե ինչպես են խորհրդային տարիներին ազգային ինքնության կառուցման ճանապարհին իրար հետ համագործակցել խորհրդային տարբեր ժողովուրդներ, թե ինչպես են հարևան պետությունների մշակութային ինստիտուտները հաղորդակցվել, թանգարանային ցուցանմուշներ փոխառվել, ինչ հիմնական և ժամանակավոր ցուցադրություններ են կազմակերպվել։

Այդ տեսանկյունից հետաքրքիր է հատկապես թանգարանի արխիվում պահվող մի քանի պաշտոնական նամակներ, որոնք Ադրբեջանի ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Սահմեդ Վուրղունը ուղղել էր Հայաստանի ԽՍՀԳ նախագահ Վիկտոր Համբարձումյանին։ Նամակներից առաջինը գրվել է 1955 թվականի փետրվարի 8-ին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի Պատմության թանգարանն իրականացնում է Ադրբեջանի հնագույն ժամանակաշրջանին նվիրված ցուցադրություն և այս ծրագիրը ամբողջացնելու համար խիստ անհրաժեշտ են քարե դարյան գործիքների օրինակներ ՀԽՍՀ ԳԱ Հայաստանի պատմության թանգարանից։ Ադրբեջանի ԳԱ նախագահությունը խնդրում է Վ․ Համբարձումյանին հանձնարարական տալ պատմության թանգարանի տնօրեն Կարո Ղաֆադարյանին 10 անուն 18 առարկա, իրենց բնութագրերով և թվագրությամբ, ուղարկել Ադրբեջանի պատմության թանգարանին։

Ակադեմիկոս Ս. Վուրղունը նշում է նաև, որ ունեն Կ. Ղաֆադարյանի նախնական համաձայնությունը, իսկ կից ներկայացնում է նաև առարկաների ցանկը՝ Ադրբեջանի պատմության թանգարանի տնօրեն Սալեհ Կազիևի ստորագրությամբ։

Առաջին նամակից գրեթե 9 ամիս անց՝ 1955 թ. նոյեմբերի 15-ին, ՀՊԹ տնօրեն Կ. Ղաֆադարյանին նամակ է ուղարկում Ադրբեջանի պատմության թանգարանի տնօրեն Ս. Կազիևը, որը խնդրում է ուղարկել խոստացված քարե դարյան գործիքները, որոնք հայտնաբերվել են Հայաստանում հնագիտական աշխատանքների ժամանակ և ևս մեկ անգամ նշում է, որ այդ առարկաները խիստ անհրաժեշտ են «Ադրբեջանի հնագույն պատմությունը» ցուցադրության համար․
«Ադրբեջանի հնագույն ժամանակաշրջանին նվիրված ցուցադրություն. ... խիստ անհրաժեշտ են քարեդարյան գործիքների օրինակներ ՀԽՍՀ ԳԱ Հայաստանի պատմության թանգարանից»։