Սարկոզին ու Օլանդը միացել են ցուցարարներին

Բողոքի ակցիաները պաշտպանել են 50-ից ավելի քաղաքական կուսակցություններ

BBC-ի հաղորդմամբ՝ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Ֆրանսիայում կազմակերպված ցույցերին՝ բողոքելով երկրում հրեատեցության ալիքի դեմ:

Ցուցարարները Փարիզի եւ մյուս քաղաքների փողոցներ են դուրս եկել «Բավակա՛ն է» կարգախոսով: Նրանց են միացել ձախ եւ աջ կուսակցությունների քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին:

Բողոքի ակցիաները պաշտպանել են 50-ից ավելի քաղաքական կուսակցություններ, արհմիություններ եւ ասոցիացիաներ: Ցույցերի սկսվելուց մի քանի ժամ առաջ Ֆրանսիայում տապանաքարեր էին պղծվել հրեական գերեզմանոցում:

Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահն այցելել է երկրի արեւելքում գտնվող հրեական գերեզմանատուն, որտեղ գրեթե 100 տապանաքարեր էին պղծվել նացիստական խորհրդանշաններով:

«Նրանք, ովքեր դա արել են, արժանի չեն լինելու Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ եւ կպատժվեն»,- ասել է նախագահը: Ֆրանսիայի հրեական համայնքն ամենամեծն է Եվրոպայում. այն ունի առնվազն 550 հազար անդամ: