Չինաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը մահացել է ինքնասպանության կամ խոշտանգումների արդյունքում․ Politico

Մանրամասներ
չինաստան

Չինաստանի նախկին արտգործնախարար Ցին Գանին, ով հուլիսին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից, հնարավոր է՝ ինքնասպանության են հասցրել կամ խոշտանգումների ենթարկել։ Այս մասին դեկտեմբերի 6-ին գրել է ամերիկյան Politico հրատարակությունը՝ հղում անելով չինացի բարձրաստիճան պաշտոնյաներին մոտ կանգնած աղբյուրներին։

«Ցինը մահացել է կա՛մ ինքնասպանության, կա՛մ խոշտանգումների հետևանքով հուլիսի վերջին Պեկինի զինվորական հոսպիտալում, որտեղ բուժվում են Չինաստանի բարձրաստիճան ղեկավարները», - ասվում է հոդվածում:

Ցին Գանն անհետացել էր մեդիա դաշտից այն բանից հետո, երբ հունիսի 25-ին հանդիպել էր Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալիին և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին։

Հուլիսի 11-ին Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ցին Գանը «առողջական պատճառներով» չի կարողանա մասնակցել Ջակարտայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱԳ նախարարների հանդիպմանը, փոխարենը այնտեղ էր գնացել Վան Ին, որը հետագայում նշանակվեց նախարարության ղեկավար։ Չինաստանի ԱԳՆ-ում խուսափել են խոսել Ցին Գանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, թեև լրագրողները ճեպազրույցների ժամանակ հարցրել են այդ մասին։