Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վիրտուալ հայրենիքի տրամաբանությունից պետք է անցնել իրական հայրենիքի տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ չի կարելի որևէ կերպ կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետությունը՝ նույնիսկ ամենաբարի թվացող նկատառումներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, ով Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի կոնտեքստում իր հարցի մեջ Հայաստանն անվանեց Հայք՝ նշելով, որ մեր երկրի իրական անունը հենց դա է։
«Եթե թույլ տաք, մեր երկրի մասին խոսելիս ես կցանկանայի օգտագործել բուն հայկական անունը մեր երկրի, այն է՝ Հայք։ Առաջին հարցս վերաբերվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան տերմինին։ Այս տերմինը վերջերս հաճախ է օգտագործվում Ադրբեջանում, այդ երկրի խորհրդարանում լսումներ են տեղի ունեցել նույնիսկ այն մասին, որ Հայքում ծնված ադրբեջանցիների անձնագրերի մեջ պետք է նշվեն պատմական ադրբեջանական տեղանունները։ Հիմա այս համատեքստում ո՞րն է Ձեր կարծիքն այն մասին, որ հենց Հայքում գտնվող մարդիկ նախընտրում են օգտագործել հենց այս պատմական ադրբեջանական տեղանունները, և չեն օգտագործում հայկական գյուղերի կամ քաղաքների անունները։ Ո՞րն է Ձեր կարծիքն այս մասին, և արդյոք Դուք այս երևույթը դիտարկո՞ւմ եք ազգային անվտանգության համատեքստում, թե՞ ոչ»,- հարցրել է քաղաքացին։
Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ քաղաքացու կողմից հնչած հարցում արտահայտված դիրքորոշման և մտահոգության միջև շատ ուղիղ կապ կա։
«Եվ երբեմն կարող է պատահել, որ Դուք Ձեր խոսույթով նպաստում եք այն խոսույթին, որի դեմ փորձում եք դիրքավորվել, ասենք, օրինակ, նույն «Արևմտյան Ադրբեջանը»։ Տեսեք, մենք ի՞նչ ենք ասում․ ասում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Այսօրվա մեր պետության անունը Հայաստանի Հանրապետություն է, և Դուք ասում եք՝ ես անունը դնում եմ Հայք։ Այսինքն, ինչ-որ առումով, Ձեր ասածը Ձեր բարձրացրած հարցի հետ նույնականացման ընդհանուր եզրեր ունի, որովհետև Ձեր ասածն էլ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետություն չկա, Հայաստանի Հանրապետությունը ճիշտ անունը չի, «Արևմտյան Ադրբեջան» ասողն էլ դա նկատի ունի, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ անունը չի։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք, այդ բառերը հետևանքներ և ազդեցություն ունեն։ Չի կարելի որևէ կերպ կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետությունը՝ նույնիսկ ամենաբարի թվացող նկատառումներով»,- ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ Վանո Սիրադեղյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում ծածկանունով հոդվածաշար էր տպում, հոդվածներից մեկում շատ դիպուկ բան է ասել։
«Նա ասում էր, որ մենք պետք է կարողանանք վիրտուալ հայրենիքի մեր ընկալումը փոխել իրական հայրենիքով։ Սա է մեր իրական հայրենիքը։ Հայքը եղել է, մեր պատմությունն է, բայց Հայքով չի կարելի «ջարդել» Հայաստանի Հանրապետությունը։ Որովհետև, եթե կողքից փայտը վերցրած խփում են Հայաստանի Հանրապետությանը, և մենք էլ կողքից Հայաստանի Հանրապետություն ասելու փոխարեն ասում ենք Հայք՝ մենք էլ մեր ձևով ենք խփում Հայաստանի Հանրապետությանը։ Վիրտուալ հայրենիքից պետք է անցնել կոնկրետ հայրենիքի տրամաբանությանը և այս կոնկրետ պետություն-հայրենիքի շահերից է պետք ելնել»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ այս տարի իր ամանորյա ուղերձի ժամանակ հայտարարել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ի ընթերցման տարի։ Նա հիշեցրել է, որ այդ ուղերձին քննադատաբար էին մոտենում, թե վարչապետն ամանորյա ուղերձում հղում է անում Չարենցի ամենավատ, նիհիլիստական գործին, որը մեր իրականության հետ կապ չունի։
«Հարգելիներս, Լեռնային Ղարաբաղում տողի և բառի ճշգրտությամբ տեղի ունեցավ այն, ինչը նկարագրված է Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի մեջ։ Եվ դրա մեջ ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ, բայց այն մտածողությունը, որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գերիշխում էր, դա հենց «Երկիր Նաիրի»-ն էր։ Հայքը «Երկիր Նաիրի»-ն է։ Չկա՛ Հայք, կա՛ Հայաստանի Հանրապետություն։ Եվ նրանք, ովքեր ասում են՝ չէ, Հայք է, նրանք, ըստ էության, ուրիշ կողմից և ուրիշ տրամաբանությամբ առաջ են մղում «Արևմտյան Ադրբեջանի» տրամաբանությունը»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը կասկածի տակ է դնում Ադրբեջանի անկեղծությունը խաղաղության գործընթացում, որովհետև խաղաղության գործընթացի առանցքային դրույթներից մեկն այն պետք է լինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և դե յուրե պարտադիր պարտավորություն են պատրաստ ստանձնել ապագայում նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ։
««Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ ձևավորելու, կառուցելու, հիմնավորելու հայեցակարգ է։ Բայց մենք էլ ուշադիր պետք է լինենք, որ մեր գործողություններով մենք էլ այլ տրամաբանությամբ չթուլացնենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք պետք է այդ «Երկիր Նաիրի»-ի տրամաբանությունից դուրս գանք։ Բոլորս ենք այդ տրամաբանության մեջ՝ ինձնից սկսած։ Եթե մենք ուզում ենք լինել, ուզում ենք պետություն ունենալ, բոլորս պետք է մեր մտածողությունը փոխենք, մենք պետք է կարողանանք ինքներս մեզ կողքից նայել։ Մեր դիրքորոշումների լեգիտիմությունը մեզ համար պետք է բացարձակ արժեք լինի»,- հայտարարել է վարչապետը։
Քաղաքացու հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի ազդեցությանը և Հայաստանում բնակություն հաստատած ռուսաստանցիներին ինտեգրելուն։
«Իմ կարծիքով՝ ռուսական մշակույթն ու լեզուն ամենավատ բաներից են, որ կարող են պատահել մեզ հետ և բոլոր այն ժողովուրդների հետ, որոնք ճնշված են եղել Ռուսաստանի կողմից։ Ի՞նչ է արվում այս ազդեցությունը չեզոքացնելու համար։ Ես ամեն դեպքում չգիտեմ, թե մեր ինչին են պետք ռուսաց լեզուն և մշակույթը։ Նաև այն բոլոր ռուսները, որոնք եկել և բնակություն են հաստատել Հայքում, ի՞նչ է արվում այդ մարդկանց ինտեգրելու, նրանց հայերեն սովորեցնելու ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ պե՞տք է որ նրանք դառնան ՀՀ քաղաքացի և պե՞տք է, որ նրանք հայերեն սովորեն, եթե որոշեն մնալ Հայքում»,- հարցրել է քաղաքացին։
Վարչապետն ընդգծել է, որ դեմ չէ կամ հասկանում է, որ ամենատարբեր քաղաքական վերաբերմունք կարելի է ունենալ Ռուսաստանի նկատմամբ, բայց որևէ կերպ հնարավոր չի համարում հերքելը ռուսական մշակույթի ահռելի դերը ընդհանրապես ժամանակակից աշխարհի և քաղաքակրթության վրա։
«Այդ առումով ես չեմ համաձայնվի Ձեր մի շարք շեշտադրումների հետ։ Կարծիք արտահայտելու առումով ամեն ինչն էլ կարելի է կասկածի տակ դնել, բայց չեմ կարծում, թե լեգիտիմ կարող է համարվել կասկածի տակ դնել Տոլստոյի, Չայկովսկու, Շոստակովիչի․․․ և այսպես կարելի է տասնյակ հարյուրավոր անուններ թվարկել բոլոր ոլորտներում՝ և՛ մշակույթի, և՛ քաղաքականության, և՛ գիտության։ Այնպես որ, շեշտադրումների այդ հատվածի հետ ես չեմ համաձայնի։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում այլ լեզու ունենա պաշտոնական կարգավիճակ, բայց ես կքաջալերեմ մեր բոլոր քաղաքացիներին, աշակերտներին և երիտասարդությանը սովորել հնարավորինս շատ օտար լեզուներ, այդ թվում՝ ռուսաց լեզու։ Սա չափազանց կարևոր է ժամանակակից աշխարհում և՛ պետության, և՛ անհատի մրցունակությունն ավելացնելու առումով՝ առավելևս այն խորը տնտեսական, մշակութային և քաղաքական կապերի համատեքստում, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերվում է ՌԴ-ից եկած ռելոկանտներին, մենք շատ ուրախ ենք նրանց ներկայության համար, որովհետև նրանք աշխատում են Հայաստանում, արդյունք են ստեղծում, նոր կոլորիտ են բերում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
0Comments