Թուրքական Բոդրումի արվարձանում հայտնաբերվել են Ռուսաստանից ժամանած մոր ու դստեր դիերը, հայտնում է SHOT Telegram ալիքը, փոխանցում է News.ru-ն:
Նշվում է, որ նրանց փաթաթել են սավանով և կապել պարանով։ Դիերը հայտնաբերվել են ճանապարհի եզրին։ Տեղի բնակիչներն առաջինն են հայտնաբերել դիերը։
«Սպանվածներն են Ռուսաստանի քաղաքացի 42-ամյա Իրինա Դվիզովան և նրա 15-ամյա դուստր՝ Դայանան: Օրեր առաջ Բոդրումում բնակվող Իրինան և նրա դուստրը՝ Դայանան անհետացել էին։ Հարազատները չեն կարողացել կապվել նրանց հետ և ներկայացրել են հաղորդում՝ նրանց անհետ կորելու մասին: Հարազատները մոր և աղջկա բնակության վայրում բազմոցին արյուն են տեսել, կասկածել են, որ մորն ու աղջկան կարող են սպանած լինել, և դիմել են ոստիկանությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոստիկանները տեսախցիկների ձայնագրությունների միջոցով հետևել են տնից հեռացող մեքենային: Ավելի ուշ հայտնաբերվել են դիերը։
Ինչպես հայտնում է Mash Telegram ալիքը, դիերից մեկը փաթաթված է եղել սավաններով, կապված պարանով և նետված էր քարի տակ, մյուսը՝ մոտակայքում։
NTV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Իրինան նախկինում մոդել էր, աշխատում էր որպես ռիելթոր։ Դայանան երազում էր մոդել դառնալ, ինչի մասին նա պատմել էր իր բաժանորդներին սոցիալական ցանցերում։ Ըստ թուրքական հեռուստաալիքների՝ սպանության կասկածանքով հետախուզվում է Իրինայի նախկին ամուսնուն, որը ազգությամբ ֆինն է։
0Comments