Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ ՔԿ

Մանրամասներ
քկ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 2022 թ․ ապրիլին կատարված ավազակային հարձակման և քաղաքացու գույքի հափշտակության  դեպքի էական հանգամանքներ։ Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ, քաղաքացու «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ, 2022 թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի Երևանյան փողոցում գործող խանութի դիմաց, հարձակվել են վերջինիս վրա։ Իրենց մոտ գտնվող փայտե մահակների գործադրմամբ նրանք հարվածներ են հասցրել քաղաքացու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, հափշտակել են քաղաքացու հիշյալ ավտոմեքենան և վարելով դիմել  փախուստի՝ հափշտակելով նաև ավտոմեքենայում գտնվող՝ քաղաքացու թանկարժեք հեռախոսը։ Դրա հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Ավազակային հարձակմանը մասնակցած մյուս անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: