Հայաստանին աջակցության ցանկացած փաթեթ ողջունելի կլինի․ Օ’Բրայեն

Մանրամասներ
Օ’Բրայեն

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։

Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում», - ասել է Օ’Բրայենը։

Պատասխանելով հարցին, թե ինչ հեռանկարներ կան Եվրոպական խաղաղության հիմնադրամի մեխանիզմներով Հայաստանին աջակցելու հարցում, պաշտոնյան նշել է, որ Հայաստանին աջակցության ցանկացած փաթեթ ողջունելի կլինի, սակայն այն, թե ինչպես ԵՄ-ն դա կանի, իրենց հայեցողության ներքո է։

«Բայց մենք պատրաստ ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այնպես անենք, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա օգտվել բարեփոխումների քաղաքականությունից, որոնք նախաձեռնել է Փաշինյանի կառավարությունը», - հավելել է նա։