Խամենեին մուսուլմանական պետություններին կոչ է արել դադարեցնել նավթի արտահանումն Իսրայել

Մանրամասներ
Այաթոլլա Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին մուսուլմանական երկրներին կոչ է արել դադարեցնել նավթի եւ ապրանքների արտահանումն Իսրայել եւ  հասնել այն բանին, որ դադարեցվեն Իսրայելի վայրագությունները պաշարված Գազայի հատվածի հանդեպ, տեղեկացրել է Press TV-ն։

Խամենեին այս մասին ասել է չորեքշաբթի ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ՝ Ուսանողի ազգային օրվա եւ Գլոբալ մեծամտության դեմ պայքարի ազգային օրվա նախօրեին, որոնք իրանցիները նշում են նոյեմբերի 4-ին։

Նա բարձր է գնահատել պաղեստինցիների դիմադրությունը պաշարված Գազայի հատվածում՝ հայտարարելով, որ նրանց տոկունությունը արթնացրել է մարդկային գիտակցությունը։

Խամենեին հայտարարել է, որ Թեհրանում 1979թ. ԱՄՆ դեսպանության զավթումը ուսանողների կողմից իրանցի ժողովրդի հարվածն էր Վաշինգտոնին։ «ԱՄՆ-ն խայառակվեց [1979թ. նոյեմբերի 4-ին]։ Դա իրանցի ժողովրդի հարվածն էր Ամերիկային»,- ասել է նա։