Կյանքը մեզ ամեն, ամեն պահ ապացուցում է, որ մենք հնձում ենք այն, ինչը որպես սերմ դրել էինք հողում

Այսօրվա մարդը խորը մոլորության մեջ է․ նա հավատացած է, որ իրեն շնորհվել է դատավորի առաքելությունը

Լուսաբաց է․ երկինքը, երկիրը, օդը մաքուր ու խաղաղ են, օրհնված, սիրով լվացված ու նորից նվիրված քեզ, որ արթնանաս, ապրես, շնչես, արարես, ժպտաս ու շնորհակալ լինես։
Մինչև օրվա սովորական գործողություններին անցնելը որոշ ժամանակ կա․դու, ինչպես աշխարհում միլիոնավոր այլ մարդիկ, օրդ սկսում ես բջջային հեռախոսի փնտրտուքով։ Դեռ չես էլ հասցրել արթնանալ, գիտակցել, որ առողջ ես և ողջ ու քեզ նվիրված ևս մեկ օր ունես, արդեն ցանցում ես, ծանոթանում ես երեկվա եղածին, այսօրվա կատարվելիքին, կլանում ես պետքական և անգամներով ավելի շատ անպետք ինֆորմացիա, թունավորվում ես ուրիշի բարկությամբ, քոնն ես դարձնում մեկ ուրիշի աղբը՝ ինքդ էլ դառնալով մտահոգ, ջղաձիկ անհանգիստ, բարկ․․․ Արդեն պատրաստ ես հերթական քարը շպրտելու նրա վրա, ով համարձակվել է չհամապատասխանել քո պատկերացումներին, ով քեզ հետ նույն կարծիքը չի կիսում, ով տարբեր է քեզնից։ Սա պատմություն է, որն ամեն օր ապրվում է, ամեն օր միևնույն թակարդը, միևնույն ինքնաթունավորումը, միևնույն կուրությունը․․․

Ի՞նչ է մարդուն պետք, որ նա կոտրի այս շղթան։ Որ մի օր արթնանա և որոշի, որ ցանցն իրեն տալու բան առանձնապես չունի, այն էլ օրվա այն ժամերին, երբ երկնքի թռչուններն օրհնությունն են իջեցնում երկիր, ու թե ականջ ունենաս, քեզ էլ բաժին կհասնի։ Մինչև ո՞ր կետին պիտի հասնի մարդը, որ հասկանա՝ բարկությունը ու ջղաձգությունը, որով հիվանդ ենք շատերս, տեղ չի թողնում սիրո և լույսի, ամեն աստվածայինի համար։ Եվ հակառակը՝ թե աչքերդ բաց են, և բաց է սիրտդ, թե ներսումդ սեր ունես՝ չես կարող բարկանալ, չես կարող քարեր նետել, չես կարող արտաբերել ատելության խոսք, մեկին խոցող խոսք։ Որովհետև մենք բոլորս նույնն ենք, նույն նյութից ենք սարքած։ Ու երբ խոցում ենք մեկին, խոցում ենք նաև մեզ։

Այսօրվա մարդը խորը մոլորության մեջ է․ նա հավատացած է, որ իրեն շնորհվել է դատավորի առաքելությունը։ Նա պիտի ամենի մասին իր կարծիքն ունենա, մշտապես տարբերակի վատը լավից, քննադատի այն ամենն, ինչ իր քիմքին հաճո չէ, ամեն օր ապրի արդարություն հաստատելու տենչով և այդ ճանապարհին տրորի ամեն բան՝ ինչը կխանգարի, կհակասի իր համոզմունքներին։ Այսպես վարվում են ոչ միայն նրանք, ովքեր համոզված են Աստծո գոյություն չունենալու մեջ, այլ նաև նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են կարծում։ Ովքեր պատրաստ են ամեն առիթով տալ Քրիստոսի անունը, բայց չհիշել նրա ուղերձներից և ոչ մեկը։ Աշխարհի ամենատխուր պատկերն է՝ Քրիստոսին մոռացած մարդիկ, սերը մոռացած մարդիկ, չդատելու դասը մոռացած մարդիկ աղաղակում են սիրուց, արդարությունից, խոսում են Աստծո մասին, խոսում են բարկացած, հպարտորեն, չարությամբ լի, վրեժխնդիր լինելու պատրաստ։ Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է և հիվանդացած, մահանալու պատրաստ։

Մեզնից յուրաքանչյուրին թա՛րմ օդ է պետք, սիրով լցված օդ, խաղաղություն, վերարժևորում այն ամենի, ինչ ունենք։ Ո՞վ է մեզ հավատացրել, որ աշխարհում ինչ-որ բան հնարավոր է դեպի լավը փոխել ատելությամբ, թունոտ խոսքով, քինախնդիր հպարտությամբ։ Ո՞վ է մեզ մոլորեցրել այնքան, որ կարծում եք, թե կարող ենք դատել, բայց չլինել դատված, կարող ենք չներել, չընդունել, չհասկանալ, և լինել ներված, հասկացված, ընդունված․․․ Կյանքը մեզ ամեն, ամեն պահ ապացուցում է, որ մենք հնձում ենք այն, ինչը որպես սերմ դրել էինք հողում։ Ինքներս մեզ հաշիվ տալի՞ս ենք, թե այն զայրույթն ու ատելությունը, որն ամեն օր դնում ենք մեր օրվա մեջ, շրջանառում ենք ցանցերում, վաղը ինչ պտուղներ է տալու։ Միգուցե ժամանա՞կն է կանգ առնելու և խորհելու այս մասին։

Ժամանակակից հոգեբանությունը տարատեսակ միջոցներ է առաջարկում բարկությունն ու զայրույթը կառավարելու համար։ Դրանց մի մասը, հավանաբար, կարող է աշխատել ու դրական արդյունք տալ։ Բայց կա մի հարց, որն անմիջապես կարող է լուծել այս խնդիրը։ Ամեն անգամ, երբ զայրույթ ու բարկություն եք զգում, պարզապես ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչո՞ւ է սա ինձ բարկացնում, ինչո՞ւ է սա կպչում ինձ, ի՞նչ չլուծված խնդիր ունեմ իմ մեջ, որ այս երևույթն այդքան ազդում է իմ ներաշխարհի վրա։ Եթե ուշադիր լինեք և անկեղծ՝ ինքներդ ձեր առաջ, շատ բաներ ավելի պարզ կերևան։ Սովորաբար մեզ բարկացնում է այն, ինչը մեզ համար ևս խնդիր է, ինչի մեջ մենք նույնպես կանք, ինչը անմասն չէ մեզնից։

Ուրեմն ավելի խելամիտ չէ՞ ուրիշի վրա քար շպրտելու փոխարեն մաքրել սեփական ներսը։
Սա չի նշանակում, որ ձեզ այլևս չեն անհանգստացնելու տարատեսակ հասարակական ու սոցիալական խնդիրները, սա նշանակում է, որ դուք մի աստիճան վերև եք բարձրանալու և հասկանալու, որ փոփոխությունը սկսվում է ձեզնից, և որ ամեն մարդ իր աշխարհի մշակը պիտի լինի նախ և առաջ, իր աշխարհը պիտի մաքուր պահի մոլախոտից, ատելությունից, չարից, անարդարացի լինելուց։ Ակնհայտ է, որ միայն այդպես է հնարավոր առողջացումը, դրական փոփոխությունը, արդարության հաստատումը, բարու հաղթանակը․․․

Ա․ Պողոսյան

Նյութի աղբյուր՝ Qahana.am