«Ասացիր՝ դա էլ ենք տալիս. Նայիր ժողովրդի աչքերին ու ասա՝ ի՞նչ ես բանակցում». Վարդան Օսկանյան

Մանրամասներ
Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ այն անվանելով սխալ.

«Սխալները շարունակվում են. վերջին օրինակը Գրանադայում ստորագրած հայտարարությունն է:

Այնտեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա: Հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը:

Իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից հասանք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը և դա հերոսաբար ներկայացնում ենք, որ ինչ-որ գործ ենք արել, հաջողություն եք ունեցել, որ աշխարհը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ:

Փաշինյանի ասած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է: Նա պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում: Հասկացանք, Ղարաբաղը տվել ես, իսկ, այսպես կոչված, անկլավներն այդ թվի մեջ կա՞, թե՞ ոչ:

Քո շրջապատի մարդիկ ասում են՝ չկա, բայց դու քո ասուլիսներից մեկում ասացիր՝ այո՛, դա էլ ենք տալիս:

Դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը, որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, որ ՀՀ քաղաքացին Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նախկին պաշտոնյան: