Ազգային կոմիտեում լուրջ տարաձայնություններ են առաջացել․ «Հրապարակ»

Մանրամասներ
հանրահավաք

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։

Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում։

Ընդ որում՝ չէր նշվում, թե երբ է հաջորդ հանրահավաքը։

Հիշեցնենք, որ կոմիտեի կազմում են Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թեւանյանը և Ավետիք Չալաբյանը։

Երեկ մարդիկ դժգոհում էին, որ հանրահավաքի չեղարկման պատճառներն անհիմն են, պետք է հավաքվել և հենց հրապարակում որոշել՝ ինչպես օգնել մեր հայրենակիցներին:

Կար կարծիք, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ կոմիտեն չունի ասելիք, ելույթներն ու գործողությունները դեժավյու են առաջացնում:

Ոմանք ասում էին, որ 5 հոգով ազգի ճակատագիրը վճռելու իրավունք չունեն, և անգամ «Ազգային կոմիտեն ապազգային է»։

Մենք տեղեկացանք, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են մեկմեկու, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել` քայլելով մաշեցնելու են շարժումը:

Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու:

Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թևանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել: Մի խոսքով՝ անգամ կոմիտեի փոքր կազմը երաշխիք չէ, որ հայերն ընդհանուր հայտարարի կգան, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ»։