Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։
2020 թվականի դեկտեմբերին ԼՂ-ի Խծաբերդի եւ Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ-ի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների եւ մոտիվների մասին։ Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում. «եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։
Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետություն։ Սրանով, սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։
Ընդ որում, նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ։ Այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։ Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմը, 2015,2014 թվականներին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն»։
Նրա խոսքով՝ իրենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձեւակերպումներին երբեք չեն համաձայնվել. «Բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ եւ ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում։ Հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայությունը, այս ընթացքում խախտելով, դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Այս քայլերին ի պատասխան՝ մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը»։
Փաշինյանն իր խոսքում կոչ արեց նաեւ միջազգային հանրությանը՝ անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը. «Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։ Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության գործիքները, համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի եւ անվտագության ուժերի խորը եւ համապարփակ բարեփոխումները, այլեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023 թվականի մայիսի 14-ի Բյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձեւակերպում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման։ Մենք այս շարքում ենք դիտում նաեւ Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաեւ միջազգային քրեական դատարանի հնարավորություններից»։
0Comments