Եթե ԼՂ բնակիչների իրավունքների, անվտանգության երաշխավորմանն ուղղված ջանքերն արդյունք չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանում. այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել:
«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պահպանելու համար։
Անհրաժեշտ է վերափոխել, լրացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները։ Մենք այս շարքում ենք դիտարկում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահամնները դե յուրե ձևակերպվում են որպես ՀՀ սահմաներ», - ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ անկախության, թե ծայրագավառ դառնալու կողմնակից է։
0Comments