Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Իրավիճակը գնալով դառնում է ծայրահեղ վտանգավոր ու պատային։ Միայն թե այս դեպքում ոչ թե գլխով ենք տալու պատին, այլ պատն է տալու մեր գլխին։
Անհապաղ դադարեցրեք դեգեներատության աստիճանի հասնող հատվածային գործելաոճն ու մտածելակերպը։ Հարցի գինը այնքան մեծ է ու խաղադրույքներն այնքան վտանգավոր, որ այս պահին տեղային նշանակության գզվռտոցները մեր թշնամիների համար լավագույն դեսերտը կլինի մեծ ընթրիքից հետո։
Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն չունի լուրջ հենք, հետևաբար նաև լեգիտիմություն՝ երկիրը այս իրավիճակում կառավարելու համար։ ՔՊ հեռանալը ժամանակի հարց է, բայց այդ ժամանակը կարող է կորստաբեր լինել․․․
Տեսնում ենք նաև այդ հանգամանքից ոգևորված քաղաքական ընդդիմություն, որը չի հրապարակել իր ճանապարհային քարտեզը՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու և Արցախի անվտանգությունը ապահովելու առումով։
Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտ հարել է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին և իր գործուն անգործությամբ նպաստում է Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության իրականացմանը, տեղին է միով բանիվ, մի կողմ թողնելով "ով ես", "ում հետ ես" հարցերը, հստակ ձևակերպել մեր ակնկալիքներն ու անելիքները, առաջին հերթին Մոսկվային ներկայացնելու համար։
Առաջարկում եմ․
1. հետ կանչել հայկական կողմի ստորագրությունը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր ես խնդրում, ապա զուգահեռ պետք է այս քայլը կատարես
2. ՌԴ ռազմավարական գործընկեր Ադրբեջանից պահանջել դուրս բերել զինված ուժերը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին արձանագրված շփման գծի դիրքեր
3. ՌԴ ռազմավարական դաշնակից ՀՀ տարածքից դուրս բերել ՌԴ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի զինուժն ու տեխնիկան։
4. Ապահովել ՀՀ-Արցախ երկու միջանցքների անխափան գործունեությունը և ապառազմականացնել Քարավաճառի ու Բերձորի շրջանները։
5. Եթե Ռուսաստանը ի վիճակի չի ապահովելու առաջին չորս կետերը և փաստացի ենթարկվում է Բաքվի հրահանգներին ու քմահաճույքներին, ապա տրամաբանորեն հարց կարող է առաջանալ ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների հետագա շարունակության նպատակահարմարության տեսանկյունից։
6. Պարտադիր պետք է արձանագրել, որ ՌԴ խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան, ոչ միայն չի նպաստել հակամարտության կարգավորմանը ու չի նվազեցրել զինված բախումների հավանականությունը, այլև ցեղասպանություն իրականացնելու իրական ու լուրջ նախադրյալներ է ստեղծել Ադրբեջանի համար։
Ռազմավարությունը սա է, իսկ մնացածը տիկնայք և պարոնայք, մանրապճեղ մանևովրներ են, որոնք միմիայն քմծիծաղ են առաջացնելու հարևանների ու բարեկամների շրջանում․․․
Հայկ Դեմոյան
0Comments