«Թուրքիան իր երկու պահանջները հայտնել է՝ սպասում է, որ Հայաստանը կատարի». Սաֆրաստյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այն քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանն արցախահայության նկատմամբ, իսկապես ցեղասպան քաղաքականություն է, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես գնահատեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն արդեն ավելի քան 8 ամիս Արցախի բնակչության նկատմամբ կատարվողը՝ հավելելով, որ նման գնահատական տալիս են ոչ միայն հայ մասնագետները, այլև արտասահմանցի խոշոր ցեղասպանագետներն ու իրավագետները։ Կարելի է ասել, այս փաստն աշխարհում արդեն արձանագրվել է։

«Այս ցեղասպան քաղաքականությունը, եթե պատմական տեսանկյունից նայենք, ապա այո, Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է։ Կարծում եմ՝ պետք է Հայաստանն ավելի ակտիվ օգտագործի այդ հանգամանքը, ավելի հստակ ներկայացնի, որ փաստորեն 1915 թվականի ցեղասպանությունը, որը ճանաչել են աշխարհի շատ երկրներ, փորձ է արվում այսօրվա պայմաններում շարունակել»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Իսկ այս համատեքստում հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ինչի մասին պարբերաբար կրկնում են ՀՀ իշխանությունները…

«Չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, և Հայաստանը կարող է իրականությունն արտահայտող փաստեր ներգրավելով՝ խոչընդոտել, որպեսզի Թուրքիան իր երազանքն իրականացնի։ Ոչ, Թուրքիան բացարձակ շահագրգռվածություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Տնտեսական առումով Հայաստանը Թուրքիայի համար հետաքրություն չի ներկայացնում, որովհետև շուկան շատ փոքր է, ռազմական առումով Հայաստանը վտանգ չի ներկայացնում, և այլն։ Ուղղակի Թուրքիան օգտագործում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին իր հայտարարությունները Հայաստանից զիջումներ կորզելու համար։

Մասնագիտությանս բերումով տեղյակ եմ, որ տասնյակ հանձնախմբեր են ստեղծվել այս տասնյակ տարիների ընթացքում, որոնք ուսումնասիրել են, թե Հայաստանին ինչ օգուտ կարող է տալ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը։ Հիմնական եզրակացությունը, ավելի մեծ թվով մասնագետների կարծիքն այն է, որ դա որոշ չափով կարող է խթանել Հայաստանի տնտեսությունը։ Բայց այստեղ այլ հարց կա՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ ունենալ, այսինքն՝ սահմանը բաց պահելու, որովհետև դա վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Թեպետ չեմ կարծում, որ մոտակա տարիներին դա իրականություն դառնա, բայց եթե հանկարծ դառնա, Հայաստանը պետք է պատրաստ լինի իր անվտանգությունը պաշտպանելու թուրքական ներխուժումից, սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենք օրինակ։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաթումում, շրջակայքում, ըստ էության դա թուրքական փափուկ ուժի միջոցով ներթափանցումն է այդ տարածաշրջան։

Սա ռեալ վտանգ է, էլ չեմ ասում այլ տարբեր գործողություններ, որոնք նպատակ ունեն թուլացնելու մեր պետականությունը, և դրանք կկատարվեն թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Թուրքիան իր երկու պահանջները հայտնել է՝ այժմ սպասում է, որ Հայաստանը կատարի»։

Եվ ակադեմիկոս թուրքագետի փոխանցմամբ՝ այդ պահանջները հայտնի են՝ Հայաստանը պետք է պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանի պահանջների հիման վրա, և երկրորդը՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում