Ծառուկյանի թիկնազորի պետ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նախաքննությունն ավարտվեց

Էդուարդ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավանում» 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ

2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով նախաննությունն ավարտվել է եւ գործը  մեղադրական եզրակացությամբ ՀՔԾ-ն  ուղարկել է դատախազություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջայանը:

 Էդուարդ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավանում» 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Նա 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավանում», որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել եւ, որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։