Արայիկ Հարությունյանի խոսնակը հերքում է. Արցախում Անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել

Մանրամասներ
արայիկ հարությունյան

Արցախի նախագահականից հերքեցին լուրերը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, թե որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ առևտուրն այդ ճանապարհով լինելու է մասնակի, այնտեղով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։

Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Tert.am-ին հայտնել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել։ Այլ հարցերի վերաբերյալ նա տեղեկություններ չի փոխանցել։

Հիշեցնենք, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևոր էր համարել Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

Իսկ Նիկոլ Փաշինյանն այս հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հստակեցրել էր, որ ինքը Միշելի և Ալիևի հետ Աղդամի ճանապարհի հետ կապված քննարկման չի մասնակցել։