Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի ներքին գործերի նախարարին և Ֆարս նահանգի նահանգապետին հանձնարարել է գտնել և պատժել Շիրազ քաղաքի Շահ Չերախ մզկիթում կատարված ահաբեկչության մասնակից բոլոր անձանց, հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ահաբեկիչները կիրակի մտել են մուսուլմանների համար հարգված Շահ-Չերախ դամբարանային համալիրի տարածք և կրակ բացել հոգևոր սպասավորների վրա։ Շրջանային իշխանությունները հայտնել են, որ մեկ մարդ մահացել է, յոթը՝ վիրավորվել: Հարձակվողները երկուսն են եղել, մեկը ձերբակալվել է հարձակումից անմիջապես հետո, երկրորդն անհետացել է։
Al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն ստանձնել է մզկիթի վրա հարձակման պատասխանատվությունը: Իսկ Al-Jazeera-ն հիշեցնում է, որ նույն վայրում նմանատիպ հարձակում է տեղի ունեցել մոտ մեկ տարի առաջ։ 2022 թվականի հոկտեմբերին զինված տղամարդը մտել էր դամբարանի տարածք և սպանել 15 ուխտավորի։
0Comments