Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված․ Արման Թաթոյանը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ

Մանրամասներ

Քիչ առաջ Արման Թաթոյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցել են նաև նրա մյուս դստեր հետ, որը հոր հետ միասին եղել է Հակարիի «անցակետում»։ Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։

«Բոլոր փաստերը հաստատում են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված։

Նախ, Հակարի կամրջի մոտ ադրբեջանական իբր բժշկական հագուստով անձանց ներկայությունը բացարձակ կեղծ (ֆիկտիվ) է։ Իրականում, որևէ բժշկական հետազոտություն տեղի չի ունենում. որպես բուժաշխատող ներկայացող անձինք ընդամենը ձևական 1-2 հարց են տվել շտապ վիրահատության հանձնարարականով Հայաստան ուղեգրված 68-ամյա քաղաքացուն։

Դրանից բացի, «անցակետում» այդ ամբողջ գործընթացը վերահսկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։ Նրանք են պացիենտին հանձնարարել մոտենալ ադրբեջանական, այսպես կոչված, բուժանձնակազմին։ Դրանից հետո, նրանք պահանջել են քաղաքացուն տեղափոխել այլ վայր` այսպես կոչված, շտաբ հարցազրույցի։

Երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ինգա Խաչատրյանը պահանջել են բացատրություններ և հարցազրույցը տեղում իրականացնել ու փորձել են կանխել նրա տեղափոխումը, ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են ուժ գործադրել դստեր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ։

Ավելին, երբ վերջիններս փորձել են առաջ գալ դեպի Վագիֆ Խաչատրյանը, ադրբեջանական մոտ 30 զինված ծառայողներ սկսել են առաջ են գալ դեպի իրենց՝ զենքի բացահայտ ցուցադրումով։

Այնուհետև, ադրբեջանական Ահմեդ անունով զինված ծառայող, Վագիֆ Խաչատրյանին հրելով, դուրս է տարել, և նրան առանց որևէ բացատրության տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Նրանց հետ սկզբում մեկնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկը, ով քիչ անց ադրբեջանական զինված ծառայողների հարկադրմամբ վերադարձել է առանց Վ.Խաչատրյանի։

Այս ամբողջ ընթացքում որևէ բուժաշխատող Վագիֆ Խաչատրյանին չի ուղեկցել, նրա որևէ բժշկական փաստաթուղթ չի ուսումնասիրվել, բուժօգնություն չկ ցուցաբերվել: Ամբողջ գործընթացը վերահսկել են բացառապես ադրբեջանական զինված ծառայողները։

Ինչպես արդեն նշել ենք, Վագիֆ Խաչատրյանի տեղափոխումը Հայաստան բուժման նպատակով համաձայնենցված է եղել ադրբեջանական իշխանության հետ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և նրան առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ։

Դեպքից անմիջապես հետո նշել ենք նաև, որ տեղի ունեցածը պատերազմական հանցանք է։ Այն նախատեսված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել է միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

Վերջինիս իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները - Tert.am)։

Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլարի նյութական վնաս - Tert.am)» (չակերտները - Tert.am)։

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։