Մահացած հայտնաբերված զինծառայող Մուրադ Գրիգորյանը 18 տարեկան էր, Վազաշենից

Մանրամասներ

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը Տավուշի մարզի Վազաշեն համայնքից էր, ծառայում էր Վայքում:

news-ի հետ զրույցում Մուրադի համագյուղացին պատմել է, որ նա սեպտեմբերի 1-ին կդառնար 19 տարեկան։

Մուրադի հայրը պայմանագրային զինծառայող է եղել, մայրը տնային տնտեսուհի է։ Ուներ 15 տարեկան եղբայր։

«Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել։ Նաև ընկերների հետ է խոսել, նորմալ տրամադրություն է ունեցել։

Դեռ հստակ չգիտենք՝ ինչ է եղել, գյուղում տարբեր խոսակցություններ կան»,- նշել է զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ զինծառայողի դին հայտնաբերվել է գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։