Փաստաբանների և հաշվապահների եկամուտները չեն հարկվի. Փաշինյան

Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի՝ հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող  հարցին:

Պատգամավորը մասնավորապես նշեց, որ իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող անձնաց նկատմամբ հարկային բեռը 4-6 անգամ ավելացնելը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել:

Ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց, այս փուլում Կառավարությունը որոշել է Հարկային օրենսգրքի փոփոխություններից հանել վիճելի հոդվածը:

 «Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց այսպես, թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա: Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում կամ ավելի քիչ»,-խոստովանեց Փաշինյանը: