Ի՞նչ են անելու ռուս խաղաղապահները Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դեպքում․ Զախարովա

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, որը վերաբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի պաշտպանության բանակի  զինաթափման և զորացրման հայտարարությանը:

«ՌԴ-ն կապեր է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու նպատակով։ Այդ շփումները շարունակվում են ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ խաղաղապահ զորակազմի միջոցով։ Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից: Մեր կողմից մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողության նախապատրաստման մասին շրջանառվող լուրերին և այդ պարագայում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների անելիքներին:

«Խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը։ Դրանք լինելու են երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,- ասել է Զախարովան։