«Գաղտնիության լիմիտը վաղուց սպառվել է, դա արդեն չպետք է հանդուրժել». Գարիկ Քեռյան

Մանրամասներ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Լսեցի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ամփոփիչ խոսքը հայ-ադրբեջանական եռօրյա բանակցությունների արդյունքների մասին:

Անկախ քաղաքական և քաղաքագիտական դիրքորոշումներից ես գտնում եմ, որ արժանավույն երախտագիտությամբ պետք է վերաբերվենք բոլոր միջնորդ կողմերին, որոնք կազմակերպում և հովանավորում են նման հանդիպումները լինի դա Վաշինգթոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում:

Չեմ ընդունում այն մոտեցումները, այն կարծիքները, որտեղ մերժողականություն կա բանակցությունների հարթակի ընտրության հարցում:

Բանակցությունները նպաստում են պատերազմի կանխմանը, որն անշուշտ մեզ համար գերխնդիր է այսօր: Բայց ցավոք այն տպավորությունը ստացա, որ որևիցե նախագծի շուրջ կրկին համաձայնություն չի կայացել:

Բլինքենի խոսքը բարի կամեցողության, հաջողությունների ու շնորհակալության մասին էր: Բայց կա նաև մի կարևոր հանգամանք. պարզ չէ ԱՄՆ իշխանությունների հստակ դիրքորոշումը, վերջ ի վերջո ո՞րն է իրենց առաջարկը: Հատկապես Ղարաբաղի հարցում լղոզված ու ոչինչ չասող հայտարարություններից բացի:

Ինչ որ չափով Ռուսական դիրքորոշումը մի կերպ կարելի է գլխի ընկնել. հարցի լուծումը թողեք ապագային, կարգավիճակի հարց մի դրեք, որն ի դեպ ճիշտ եմ համարում:

Պարզ չեն արտահայտվում ամերիկացիները նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհների մասին:

Այնպես, որ նորից մնացինք անորոշության մեջ: Հասկանալի է, որ դիվանագիտությունը գաղտնիություն է ենթադրում, բայց այդ գաղտնիության լիմիտը վաղուց սպառվել է, դա արդեն չպետք է հանդուրժել»:

 Գարիկ Քեռյան