«Օպերատիվ համարանիշեր են ունենում անձինք, ովքեր մինչև 2018-ը մի ամբողջական զույգ նասկի չեն ունեցել». Րաֆֆի Ասլանյան

Մանրամասներ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրառում է կատարել. «ՀՀ ոստիկանության ուշադրությունն եմ հրավիրում ավտոմեքենաների՝ այսպես կոչված «օպերատիվ համարանիշերի» խնդրին և առաջարկում եմ խստացնել դրանց հատկացման չափանիշները։

Նախ, արձանագրենք, որ օրենքի առջև բոլորի հավասարություն, ժողովրդավարություն քարոզող իշխանության օրոք, մեր երկրում ամենաշատն են տարածված «օպերատիվ համարանիշերը», դրանք հատկացվում են ամեն պատահածի, մարդկանց, ովքեր իրենց լիազորություններով որևէ կապ չունեն օպերատիվ ծառայության կամ գոնե դրա նկատմամբ հսկողության, վերահսկողության հետ։

Վերոգրյալի արդյունքում, այդպիսի համարանիշեր են ունենում անձինք, ովքեր մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները նույնիսկ մի ամբողջական զույգ նասկի չեն ունեցել։

Բացի այդ, օգտվելով այդպիսի համարանիշերի առկայությունից՝ ավտոմեքենաները վարում են ամենալկտի ձևով՝ անտեսելով ճանապարհային երթևեկության նվազագույն պահանջները և վերահաս վտանգ դառնալով երթևեկության մասնակիցների կյանքի ու առողջության համար, ավտոմեքենան ցանկացած վայրում կայանելով՝ ստեղծում են երթևեկության խոչընդոտներ, խցանումներ»:

Րաֆֆի Ասլանյան