Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակից 30 օրվա ընթացքում պետք է լքեն Ռումինիան․ Ռումինիայի ԱԳՆ. РИА Новости

Մանրամասներ

Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակից 30 օրվա ընթացքում պետք է լքեն Ռումինիան, հայտնել են Ռումինիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի խնդրանքով Բուխարեստում Ռուսաստանի Դաշնության դեսպանին այսօր՝ 2023 թվականի հունիսի 8-ին, զեկուցվել է Ռումինիայի իշխանությունների՝ Ռումինիայում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ու տեխնիկական-վարչական ներկայացուցչության անձնակազմը կրճատելու որոշման մասին՝ սահմանափակելով նրա թիվը Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի ներկայացուցչության դիվանագիտական ու տեխնիկական-վարչական անձնակազմի թվին մոտ մակարդակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Այսպիսով, Ռուսաստանը պետք է կրճատի 51 աշխատակցի՝ 21 դիվանագետի, տեխնիկական ու վարչական անձնակազմի 30 աշխատակցի։ Փաստացի դեսպանատանը պետք է մնան 11 դիվանագետ ու 29 աշխատակից։

Ռումինիայի ԱԳՆ-ն նշել է, որ այս որոշումն արտացոլում է երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը։ Թե կոնկրետ ով պետք է հեռանա Բուխարեստից, Ռուսաստանի իշխանություններն իրենք կարող են որոշել, եթե չանեն, ԱԳՆ-ն կչեղարկի դիվանագիտական առաքելության որոշ աշխատակիցների հավատարմագրումը, հավելել են գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա։