Օր առաջ. Պետք է ուժ գտնես եւ կայացնես այդ որոշումը. «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակը» գրում է. «Պետության ղեկավարի, առաջնորդի մեծությունը սեփական շահը պետական-կոլեկտիվ շահից տարբերակելու մեջ է, նաեւ ժամանակին հեռանալու, եթե քո պաշտոնավարումը սկսում է ավելի շատ վնասներ տալ, քան՝ օգուտ։ Իհարկե, շատերն ի վիճակի չեն լինում դա գիտակցել եւ կարող են նաեւ ցանկացած աղետ ու կործանում բացատրել իրենցից դուրս գտնվող պատճառներով։ Բայց կան իրավիճակներ, որոնք միանշանակ են եւ շատ ակնառու, ուստի իմաստուն, հեռատես, մարդկային որակները պահպանած ղեկավարները դա, որպես կանոն, գիտակցում են եւ համապատասխան հետեւություններ անում։ Դ

ա է պատճառը, որ պետության ղեկին գտնվող անձինք, կուսակցությունների, մեծ կառույցների ղեկավարները երբեմն հրաժարականներ են տալիս՝ չսպասելով, որ իրենց պատճառով քանդվի պետությունը, կազմալուծվի իրենց ղեկավարած կառույցը, պառակտվի կուսակցությունը։ Հաճախ այդ հրաժարականներն արտաքուստ այնքան չպահանջված ու չհասունացած են լինում, որ անսպասելի են լինում անգամ տվյալ անձանց մերձավորների համար։

Որքան մարդը գիտակից է, հասարակությունը՝ զարգացած, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ հրաժարականը կհնչի շատ ավելի վաղ, քան դանակը ոսկորին կհասնի, եւ ապստամբություն, փլուզումներ, հեղաշրջումներ կլինեն։ Պարզ է, որ առաջին դեմքերին հեռացնելու հանրային պահանջը կարող է շատ ուշ ձեւավորվել, ինչպես, օրինակ, չի երեւում այն օրը, երբ ռուս հասարակությունը կպահանջի Վլադիմիր Պուտինի հեռացումը, կամ հայ հասարակությունը՝ Նիկոլ Փաշինյանի։

Բայց եթե պետությունը փրկելու համար դա անհրաժեշտ է, եթե արդեն նշմարվում են այն աղետները, որին կարող է հանգեցնել քո հետագա պաշտոնավարումը, պետք է ուժ գտնես եւ կայացնես այդ որոշումը՝ չսպասելով մարդկանց ցասումին կամ պետությունը մասնատված տեսնելու վախճանին»: