«Մահ կամ ազատությո՞ւն»․ չմիամտանաք, դավադրությունը շարունակվում է

Մանրամասներ

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեր ժողովրդի դեմ առաջին լուրջ դավադրությունը կազմակերպվել է 1996թ․-ին։ Ոչ մի տրամաբանության չէր տրվում, որ երկու տարի առաջ Ադրբեջանի հետ դաժանագույն պատերազմը շահած, Լեռնային Ղարաբաղը և նրա հայ բնակչությունը կորստից, բնաջնջումից կամ տոտալ դեպորտացիայից փրկած իշխանությունը կարող է ժողովրդի մեծամասնության համար ընդունելի չլինել։ Ընդդիմությունը գնաց հայ ժողովրդի ռազմաքաղաքական հաջողությունը մարմնավորող իշխանության և քաղաքական ուժի, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի ապալեգիտացման, հեղինակազրկման, հայկական պետությունը միջազգայնորեն մարգինալացնելու կանխածրագրի իրականացմանը։ Փաստացի դա չհաջողվեց, քաղաքական առումով Հայաստանը խոցվեց։

Նախագահ Տեր-Պետրոսյանը փորձեց կորուստը վերականգնել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում։ Եվ եթե միջազգային հանրությունը նրան հասկացավ և որոշակիորեն նույնիսկ «ընդառաջեց»՝ վետո-ի դիմաց Հայաստանը չենթարկելով մեկուսացման կամ պատժամիջոցների, ապա հայրենական ընդդիմությունը չմարսեց իր ֆիասկոն, չկարողացավ պետության շահը բարձր դասել սեփական թունամտությունից կամ շարունակեց մնալ արտաքին ուժերի կամակատար և մոգոնեց 1998-ի փետրվարի 3-ը։ Համաշխարհային պատմությունը երկրորդ նման դեպք չգիտի, երբ պատերազմ շահած առաջնորդին մեղսագրվի պարտվողականություն։ Դա զուտ «հայկական նոնսենս» է, որ այսօր իր ողջ այլանդակությամբ հառնում է։ Պատկերավցնո՞ւմ եք՝ Արցախում նախագահից պահանջում են արգելափակել դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղաշարժը։ «Մահ կամ ազատությո՞ւն»․․․ Չմիամտանաք։ Դավադրությունը շարունակվում է»։