Բայդենը Սպիտակ տանը կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին․ Նրանք քննարկելու են Ուկրաինային աջակցելու հարցը

Մանրամասներ

Նախագահ Ջո Բայդենը եկող երկուշաբթի Սպիտակ տանը կդիմավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ «քննարկելու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը»։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը՝ հաստատելով ՆԱՏՕ-ի հայտարարությունը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասաց, որ Բայդենն ու Ստոլտենբերգը «կվերանայեն գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ներառյալ դաշնակիցների զսպման և պաշտպանության հետագա ամրապնդման աշխատանքները՝ հիմնվելով 2014 թվականի Ուելսի գագաթնաժողովի պաշտպանական ներդրումների հանձնառության վրա, և խորացնել ՆԱՏՕ-ի գործընկերությունը»։

Բացի այդ, կքննարկեն նաև Ուկրաինային աջակցելու հարցը:

Ստոլտենբերգի այցը տեղի է ունենում ընդամենը 1 շաբաթ այն բանից հետո, երբ Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին, որը լայնորեն դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի գործող քարտուղարին փոխարինելու հավանական հավակնորդ:

Նախատեսված է, որ Բայդենը հուլիսին կմասնակցի Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։