«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են». Բայրամով

Մանրամասներ

Գրեթե երեսուն տարի տևած զինված հակամարտությունն ավարտվել է, և անկախության վերականգնումից հետո առաջին անգամ երկու երկրները գտնվում են խաղաղության շեմին՝ խոստանալով փոխադարձ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում։

Նա նշել է, որ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Բայրամովը հայտնել է խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության ապահովման, խաղաղության օրակարգի առաջմղման, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունների և իրական հեռանկարների մասին։

Նա նաև խոսել է պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինտեգրմանը չվնասելու և հարևան պետությունների տարածքում անջատողականություն չհրահրելու պարտավորությունների խստիվ պահպանման անհրաժեշտության մասին։