Մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ, մի մասը հանգստացավ, մի մասը չհանգստացավ։ Թեև ասում են, որ մգեցնող թաղանթների հարցում պարեկային ծառայությունը մեղմ է վերաբերվում, բայց ես առաջին օրերից գիտեմ մարդիկ, այդ թվում ԱԺ պատգամավորի, որին կանգնեցրել են, զգուշացրել են, իր ձեռքով պոկել է, բայց տուգանել են։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտնգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կարո՞ղ ենք հստակ արձանագրել՝ այսօր, եթե թաղանթով ավտոմեքենա լինի, տուգանվում է: Մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ, մի մասը հանգստացավ, մի մասը չհանգստացավ։ Հստակ մարդկանց ասեք՝ տուգանվելու են կամ չեն տուգանվելու, որ մարդն իմանա՝ եթե չեն տուգանվելու, ապա տուգանելու փորձի դեպքում ասի, որ դա օրինական չէ: Բայց հստակ հայտարարենք, ոչ թե կլորացնելով՝ մեղմ ենք վերաբերվելու, քնքուշ ենք վերաբերվելու, բայց մարդուն տուգանում են: ԱԺ պատգամավորին տուգանել են, կարծում եմ, որ լավ են արել․ օրենքը օրենք է, թեև համաձայն չենք այդ կարգավորումների հետ, բայց դա երկար հարց է»,- ասաց նա։
Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ համաձայն է Գեղամ Մանուկյանի հետ, քանի որ տվյալ հարցի հետո կապված իսկապես տարաբնույթ ընկալումներ կան։
«Ամսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին, իսկ Վարչական օրենսգիրքը սահմանում է, որ դրա համար նախատեսված է տուգանք 25 հազար դրամի չափով: Ամսի 31-ին ՆԳՆ-ի հետ աշխատանքային և մասնագիտական քննարկում իրականացրեցինք, և քանի որ դա համարվում է խախտում, իսկ խախտման համար պետք է լինի պատասխանատվություն, որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքին: Այսինքն՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, վարչական դիտողությունը: Որոշվեց, որ առաջիկա մի քանի օրը որպես տույժ կկիրառվի դիտողությունը, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Լուսաթափանցելիության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոց վարելը համարվում է իրավախախտում, հետաբար վարորդները պետք է հանեն մգացնող թաղանթները։ Կարող են լինել մեղմացուցիչ հանգամանքներ, որոնց դեպքում կկիրառվի նախազգուշացում, բայց դրանք հազվադեպ են լինելու։
«Հիմա հիմնականում կիրառվելու է տուգանք։ Հորդորում ենք թափանցելիության կանոնները պահպանել, որովհետև միևնույն է պատասխանատվության են ենթարկվելու»,- հիշեցրեց պատգամավորը։
0Comments