Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Մանրամասներ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այսօր նշանակված էին գործով նախնական դատալսումներ, և նիստից առաջ Գայանե Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու փորձի համար մեղադրվող Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող՝ Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվել էր:

Մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը իրավապահներին հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտ Փաշինյանը ցուցմունք էր տվել, որ որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Աշոտ Փաշինյանն, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։