Դիտել են լոգարաններում աղջիկների տեսանյութերը

Մանրամասներ

Amazon-ը համաձայնել է ավելի քան 30 միլիոն դոլար վճարել կարգավորելու համար դատական երկու հայց, ըստ որոնց՝ տեխնոլոգիական հսկան իր Alexa ձայնային օգնականի և Ring դռան զանգի տեսախցիկների միջոցով խախտել է օգտատերերի, այդ թվում՝ երեխաների անձնական կյանքի իրավունքը։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի ներկայացրած համաձայնագրերում նշվում է, որ Amazon-ը տարիներ շարունակ պահպանել է Ring-ի տեսախցիկների տեսանյութերը և Alexa-ի ձայնագրությունները, ինչպես նաև համապատասխան գեոլոկացիոն տվյալներ, որոշ դեպքերում առանց սպառողների համաձայնության, նաև անտեսել է դրանք ջնջելու վերաբերյալ սպառողների պահանջները։

Ring-ի դեմ բողոքը

Հանձնաժողովը պնդել է, որ տվյալների անվտանգության վերաբերյալ Amazon-ի թույլ քաղաքականությունը նշանակում է, որ դրանք հաճախ կարող էին հասանելի լինել չարտոնված երրորդ կողմի, և հաճախ դա եղել է Ring-ի տեսանյութերի դեպքում։ Amazon-ը Ring-ը ձեռք է բերել 2018-ին: Բացի տեսազանգերից, Ring-ը արտադրում է ներսի և դրսի անվտանգության տեսախցիկներ, ինչպես նաև ազդանշանային համակարգեր:

Համաձայնագրին կցված բողոքներից մեկում ասվում է, որ Ring-ը աշխատակիցներին անսահմանափակ հասանելիություն է տրամադրել հաճախորդների տան անվտանգության համակարգերի տեսանյութերին: Մի դեպքում Ring-ի աշխատակիցը 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին դիտել է առնվազն 81 կին օգտատերերի հազարավոր տեսագրություններ, որոնք արել են հաճախորդների պատվերով լոգարաններում և ննջասենյակներում տեղադրված տեսախցիկները:

amazon ring jpg.jpg (74 KB) 
Սկզբում երբ աշխատակիցներից մեկը նկատել և զեկուցել է, որ իր տղամարդ գործընկերը այսպիսի խախտում է թույլ տալիս, նրա նախնական հաղորդումը լուրջ չի ընդունվել: Միայն այն բանից հետո, երբ ղեկավարը նկատել է, որ տվյալ աշխատակիցը դիտում է միայն «գեղեցիկ աղջիկների» տեսանյութերը, զեկուցել է ղեկավարությանը, ինչից հետո վերջինիս հեռացրել են աշխատանքից։

Ring-ի դեմ բողոքում նաև նշվում է, որ բազմաթիվ դեպքերում հաքերները կարողացել են կոտրել տեսախցիկները և ուղիղ կոնտակտի են դուրս եկել քաղաքացիների հետ՝ անհանգստություն պատճառելով նրանց: Այս հարձակումներից շատերը, ենթադրաբար, տեղի են ունեցել օգտատերերի գաղտնաբառերը հաջողությամբ գուշակելու միջոցով, ինչը խոսում է այն մասին, որ Amazon-ն այստեղ ևս թերացել է, քանի որ չի սահմանել ուժեղ գաղտնաբառ կիրառելու պահանջ։

Այս բողոքի շրջանակում Ring-ը համաձայնել է վճարել 5,8 մլն դոլար և իրականացնել տվյալների անվտանգության նոր ծրագիր՝ համաձայն առաջարկվող կարգավորման։ «Ring-ը տարիներ առաջ իր իսկ նախաձեռնությամբ անդրադարձել է առկա խնդիրներին հանձնաժողովի կողմից հետաքննությունը սկսելուց շատ առաջ։ Թեև մենք համաձայն չենք հանձնաժողովի պնդումների հետ և հերքում ենք, որ խախտել են օրենքը, այս կարգավորումը լուծում է այս հարցը, որպեսզի կարողանանք կենտրոնանալ  նորարարությունների վրա»,- ասվում է Amazon-ի տարածած հայտարարությունում։

Alexa-ի դեմ բողոքը

Amazon-ը համաձայնել է նաև 25 միլիոն դոլար վճարել իր Alexa ձայնային օգնականի հետ կապված մեղադրանքների գործը կարգավորելու համար: Բողոքում հանձնաժողովը պնդում է, որ Amazon-ը խախտել է երեխաների գաղտնիության մասին օրենքը, որը հայտնի է որպես COPPA։ Այս օրենքը սահմանափակում է 13 տարեկանից ցածր երեխաների անձնական տվյալները հավաքումը առանց ծնողի համաձայնության:

amazon alexa.jpg (1.06 MB)

Ըստ հանձնաժողովի՝ Amazon-ը «անորոշ ժամանակով» պահել է Alexa-ից միջոցով ստացված ձայնային ձայնագրությունները, մինչև օգտատերը հատուկ չի պահանջել, որպեսզի ընկերությունը ջնջի դրանք: Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունը երբեմն չի կատարել դրանք ջնջելու պահանջը «և փոխարենը պահպանել է այդ տվյալները իր հնարավոր օգտագործման համար»:

Alexa-ի դեպքում առաջարկվող կարգավորման շրջանակում Amazon-ից պահանջում է ջնջել այդ ձայնագրությունները և գեոլոկացիոն տվյալները՝ սպառողների դիմումների համաձայն, այդ թվում՝ երեխաների ներկայացրած դիմումների: Ընկերությանը նաև կարգելվի օգտագործել այդ տվյալները իր ալգորիթմները ուսուցանելու համար: Amazon-ը նաև համաձայնել է սպառողներին ծանուցումներ ուղարկել հանձնաժողովի կարգավորման վերաբերյալ և աշխարհագրական տվյալների գաղտնիության ծրագիր իրականացնել։