Փարիզում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով կանցկացվի. Զելենսկին հաստատել է մասնակցությունը

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Փարիզում խաղաղության գագաթնաժողով անցկացնել։ Համաժողովը նախատեսվում է կազմակերպել մինչև հուլիսին կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի տարեկան գագաթնաժողովը։ Առաջարկին միացել են Դանիան և Շվեդիան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ռուսաստանը չի մասնակցի գագաթնաժողովին: Ըստ թերթի աղբյուրների՝ դեռ 2023 թվականի փետրվարին Վլադիմիր Զելենսկին ֆրանսիացի գործընկերոջը խնդրել է օգնել միջազգային հարաբերությունների հաստատմանը, այդ թվում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։

Հարցի քննարկումը հանգեցրել է Ֆրանսիայի մայրաքաղաքում գագաթնաժողով հրավիրելու գաղափարին, գրում է WSJ-ը։

Եվրոպացի պաշտոնյաները մտադիր են միջոցառմանը ներգրավել Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին, Սաուդյան Արաբիային։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՆԱՏՕ-ի առաջատար երկրների այլ առաջնորդներ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ դաշնակիցների հետ միասին ծրագրվում է անցկացնել խաղաղ գագաթնաժողով՝ առանց Ռուսաստանի մասնակցության։