«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը». Պետեր Ստանո

Մանրամասներ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, խաղաղության պայմանագրի քննարկումներին և ԵՄ հանձնառությանը.

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխուժացել է, ինչը Եվրամիությունը ողջունում է։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական պահը և խուսափել քայլերից, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունը, որոնք կարող են վտանգի տակ դնել խաղաղ գործընթացը:

Մայիսի սկզբին ԱՄՆ-ում կայացած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից հետո՝ մայիսի 14-ին, Բրյուսելում տեղի ունեցավ առաջնորդների հանդիպումը՝ հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված մեկ այլ հանդիպումից առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են նաև Մոսկվայում։

Բրյուսելում նրանք կենտրոնացել են մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, հաղորդակցությունները, մարդասիրական խնդիրները և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Այդ ժամանակից ի վեր ղեկավարները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29․800 կմ²) ու Ադրբեջանի (86․600 կմ²) տարածքային ամբողջականությունների ճանաչմանը:

Մենք ողջունում ենք մայիսի 22-ին այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը և երկկողմ սահմանազատման ուղղությամբ աշխատելու հստակ պատրաստակամությունը։ Մենք ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։

Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, համապարփակ կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի լուծումների հասնելու նպատակով կարևոր է քայլեր ձեռնարկել՝ վստահություն ձևավորելու, բարեխղճորեն ներգրավվելու և առաջնորդություն ցուցաբերելու համար:

Չնայած հակամարտության բարդ պատմությանը և անցյալի դժվարություններին՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով ու երկխոսության միջոցով։ ԵՄ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս գործում»։