Ցեղասպանության թանգարանի հարակից տարածքում թղթերի այրման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Մանրամասներ

Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ 2023թ․ մայիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայող ցեղասպանության թանգարան ինսիտուտ»-ի ղեկավարը, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։

Այս պահին վարույթով առկա տվյալներով ՝ տեսանյութում երևացող թղթերը եղել են սևագրեր կամ թանգարանային առարկաներից կատարված պատկերների լուսանկարներ, որոնք օգտագործվում են տարբեր ժամանակավոր, շրջիկ ցուցադրությունների ընթացքում։

Վարույթի շրջանակում ստացված տվյալներով՝ շրջանառվող տեսանյութերում երևացող որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել:

Նախաքննությունը շարունակվում է՝ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ստացված տվյալները վարույթի շրջանակներում ստուգելու, անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով»,-գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ասվում է, որ այրվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր։