Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ

Մանրամասներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերսկսելու, ինչպես նաև այն բանի համար, որ երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ մինչև այժմ իրավական սահմանափակումներ չեն մտցվել։

«Անկախությունը, որը մենք այսօր տոնում ենք, նշանակում է պաշտպանություն, որը ղեկավարվում է կանոններով ու օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է տարածվի բոլորի վրա։ Ուստի անհասկանալի է, թե ինչու որևէ միջոց և իրավական կարգավորում չի սահմանվել զանգվածաբար Վրաստան ժամանած ռուսաստանցիների համար, նրանց գործունեության նկատմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։

«Չկա այնպիսի ժողովուրդ, որը չի վախեցել պատերազմից... Բայց վախի սաստկացումը երկրում, որն այսքան ներխուժումներ ու նվաճումներ է հիշում, չի կարելի օգտագործել որպես հաջող կառավարման բանաձև... Անհասկանալի ու վիրավորական է, երբ մենք այսօր հաշվարկում ենք, թե քանի միլիոն կբերի մեզ թռիչքների «նվերը»: Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվել է 200 կամ 300 միլիոնով», - հավելել է նախագահը: